Հայ-ռուսական համալսարանում այս տարի կրկին կայացավ ֆրանսիական երգի ամենամյա միջբուհական մրցույթ-փառատոնը։ Այս տարի այն բացառիկ էր, քանի որ նվիրված էր աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, և համերգի ողջ ընթացքում հնչում էին Ազնավուրի երգերը։
Մասնակցում էին հայաստանյան բուհերը ոչ միայն Երևանից, այլ նաև Գյումրիից։Հաղթանակի համար պայքարում էին Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը։

Փառատոնի պատվավոր հյուրն էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, որը խոստացավ մյուս անգամ երգել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ։
Հավելենք, որ Հայ-ռուսական համալսարանի կողմից փառատոնի կազմակերպումը` Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ, ավանդույթ է դարձել 2009 թվականից։
Սոնա Մելիքյան