Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսցի երիտասարդները հանդիպեցին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ

Մարտ 28,2019 20:15

Մարտի 27-ին Մասիսի երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ, քննարկվեց Անրի Վեռնոյի «Մայրիկը» գիրքը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի բաժնի պետ Արմեն Ավանեսյանը, կամավորներ դպրոցականներ, ուսանողներ և, առհասարակ, գրքասերներ:

Հանդիպման սկզբում հյուրերը ծանոթացան Մասիսի զարգացման հիմնադրամի և Մասիսի երիտասարդական կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին, որից հետո գրքի քննարկումը սկսվեց ֆիլմի հետ համեմատությամբ:

Արքմենիկ Նիկողոսյանի օգնությամբ մասնակիցներն անդրադարձան գրքի հիմնական գաղափարներին, վերլուծեցին գրքից տարբեր հատվածներ, կատարեցին կերպարների համադրումներ և համեմատումներ, վերհանեցին գրքի արդիականությունը:

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկացել ֆիլմը և դիմել եմ գրքին: Դեռ մանկուց վստահ եմ եղել, որ գիրքը շատ ավելին է, քան ֆիլմը, բայց «Մայրիկ»-ի դեպքում մի փոքր այլ բան կատարվեց: Ես նախընտրում եմ ֆիլմը, որովհետև գիրքը գրվել է ֆիլմի հիման վրա»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Անրի Վեռնոյից մինչև Ակսել Բակունց, Հովհաննես Թումանյան, ընդհուպ մինչև ժամանակակից գրողներ: Մասիսցի երիտասարդների համար գրքի քննարկումն անցկացվեց նոր մոտեցմամբ: Բանախոսի օգնությամբ երիտասարդները սովորեցին` ինչպես աշխատել գրական ստեղծագործության հետ, ինչպես վերլուծություններ կատարել և գիրքն ընթերցելիս ինչին հատկապես ուշադրություն դարձնել:

Արքմենիկ Նիկողոսյանն ու Արմեն Ավանեսյանը խոստացան նոր գրքեր նվիրել Մասիսի երիտասարդական կենտրոնի գրադարանին և աջակցել երիտասարդների շրջանում ընթերցանության տարածմանը: Ինչպես նաև կիսվեցին իրենց խորհուրդներով ու կարծիքներով, ուղղորդեցին` ինչպես քաղաքում զարգացնել ընթերցանությունը:

Բացի դասական գրականությունից, Արքմենիկ Նիկողոսյանն ու Արմեն Ավանեսյանը անդրադարձան նաև ժամանակակից գրականությանը: Նշեցին` որոնք են ժամանակակից գրականության դրական կողմերն ու առաջարկեցին մի քանի գրքեր, որոնք կարելի է կարդալ` ժամանակակից գրականությանը ծանոթ լինելու համար: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խորհուրդ տվեց ընթերցել Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և հաջորդ անգամ հանդիպել այդ ստեղծագործության քննարկման առիթով:

Ալվարդ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031