Լրահոս
Օրվա լրահոսը

«Թայֆան կործանում է, որովհետեւ որոշակի խմբի շահեր է հետապնդում»

Մարտ 28,2019 23:00

Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունու (Ասատրյանի) հաջողության պատմությունը

Լենին պապիկի թոռնիկների, հեղափոխական 2-ի եւ «պարոն Չոլկայի» մասին

Նանե Բագրատունին «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ըմբոստ երեխա է եղել, որը սիրում էր գրքեր կարդալ ու ընդվզել, եթե ուսուցիչներն ինչ-որ բան այնպես չէին անում: «1988 թվականից, երբ սկսեց ծնվել մեր հայրենիքը՝ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունը, ծնողներս ակունքներում էին: Մայրիկս Եղեգնաձորի ամֆիթատրոնում ելույթ ունեցավ եւ ասաց, որ յուրաքանչյուր հայ մարդ նվազագույնը չորս երեխա պետք է ունենա, այդ ժամանակ ես եւ եղբայրս էինք, դրանից հետո, քանի որ նա հանրության առաջ խոսք էր տվել, եւս երկու քույրիկ ունեցանք»,-հիշում է մեր զրուցակիցը:

«Ես միշտ ինձ ըմբոստ եմ հիշում, ագրեսիվ չի արտահայտվել իմ ըմբոստությունը, բայց այն սկզբունքայնությունը, որ ունեմ, մանուկ հասակից է ձեւավորվել: Հիշում եմ, որ դպրոցում ասել էին, թե մենք Լենին պապիկի թոռներն ենք: Ես գնացի տուն, հարցրի. «Մայրիկ, Լենին պապիկը մեզ ինչ բարեկամ է»: Մայրս պատասխանեց՝ ոչ մի: Զարմացած հարցրի՝ եղեգնաձորցի չի՞, ասաց՝ ոչ, հարցրի՝ հայ էլ չի՞, ասաց՝ ոչ: Ասացի, որ այդպես է, ես չեմ ասի, որ Լենին պապիկն իմ պապիկն է»,- ժպտալով հիշում է Նանե Բագրատունին:

Այլ մանրամասներ էլ է հիշում մանկությունից. «Արատեսում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կողմից հիմնվեց դպրոց՝ բնության գրկում: Հայրիկս այդ նախագծի տնօրենն էր, մայրիկն էլ իրեն օգնում էր: Այն ժամանակի համար ընդդիմադիր մանկավարժները, որ կարեւորում էին ազգային արժեքները, ձեւավորեցին արվեստի դպրոց՝ բնության գրկում: 90-ականներին նրանք այդպիսի չքնաղ միջավայր ստեղծեցին մեզ համար… միասին գնում-մասնակցում էինք Արատեսի վանական համալիրի գավիթի պեղման աշխատանքներին: Ի դեպ, 2018-ի աշնանը իմ հարսանիքը հենց այնտեղ արեցի՝ որպես կրթամշակութային նախագիծ:

Վեց տարեկանում ես այլ երեխաների հետ մաքրում էի իմ հայրենիքի՝ հողի տակ թաքնված գանձերը, սովորում Կարմիր գրքում գրանցված բույսերը չպոկել, աստղագիտություն, ազգագրական երգեր, հանդիպում Հասմիկ Հարությունյանին, Արթուր Շահնազարյանին: Առաջին լրագրողը, որին հանդիպել եմ՝ Հերիքնազ Հարությունյանն էր: Հիշում եմ իր մեծ ձայնագրիչը, որով նյութ էր պատրաստում «Դպրոց՝ բնության գրկում» նախագծի մասին: Արատեսի վանքում ինքը երգում էր…Ինձ համար լրագրողը իր հայրենիքը սիրող, երգել իմացող մարդն է: Հենց այդ սերն էր, որ կարեւոր դեր ունեցավ իմ մասնագիտական կողմնորոշման մեջ: Ես առհասարակ կարծում եմ, որ լրագրողը դա տեսակ է: Երբ մարդ տեսնում է ինչ-որ բան, ու չի կարող իր մեջ պահել, պետք է «կիսվի», որ լուծում գտնի: Կամ՝ եթե հաճելի փաստ է, «կիսվում» է, քանի որ նախանձ չէ…»:

Նանե Բագրատունին 3 դպրոց է փոխել, 4-րդը վարժարանն էր: Ասում է՝ փոխելու պատճառը ուսուցիչների հետ գաղափարական բախումներն էին. «Առաջին դպրոցը, որ գնացի, մեր տան մոտի 3-րդ դպրոցն էր, որտեղ մեզ Լենին պապիկի թոռնիկներ էին ուզում դարձնել, հետո 2-րդ դպրոց գնացի, այնտեղ լավ դասվար կար, որն ինձ թույլ էր տալիս ստեղծագործել: Երբ իմ ուսուցչուհին կյանքից հեռացավ, տեղափոխվեցի 1-ին դպրոց: Երբ իմ ուսուցչուհուն փոխարինեց գրադարանավարուհին, սկսեց ինձ 2-ներ նշանակել, իրեն թվում էր, թե մայրիկս էր իմ փոխարեն գրում: Մի օր էլ Սարմենի «15 եղբայր հանրապետությունները» անգիր հանձնարարեցին: Ես մայրիկին ասացի՝ երբ իմաստը չեմ հասկանում, չեմ կարողանում անգիր սովորել: Ինքն էլ որոշեց, որ հայրիկը գա ու օգնի սովորել: Բայց հայրիկս ասաց. «Բալիկ ջան, արի սովորենք «Ես իմ անուշ Հայաստանին»:

Այդպես ես սովորում եմ «Ես իմ անուշը», գնում եմ դպրոց, ասում եմ՝ իմ հայրիկը թույլ է տվել, որ սա սովորեմ, եւ երկուս եմ ստանում «Ես իմ անուշ Հայաստանին» արտասանելու համար: Ուսուցիչն էլ հեգնում է՝ հայրիկիդ կհարցնես՝ թույլ տալի՞ս է հաջորդ դասերը հանձնարարել: Այնպես որ, ես իմ առաջին հեղափոխական երկուսը ստացել եմ «Ես իմ անուշ Հայաստանին» արտասանելու համար»: Մեր զրուցակիցն ասում է, որ դեռեւս իննսունականներին իրենց արվեստի դպրոցում ինստալյացիաներ էին անում, քանի որ հրաշալի ուսուցիչ ունեին, որին առատ մազերի համար «պարոն Չոլկա» էին ասում: Խոսքը նկարիչ Արայիկ Վարդանյանի մասին էր:

Ես մարտի 1-ից հետո հասկացա, թե ինչպես քաղաքացին որբացավ

Նանե Բագրատունին ասում է, որ 2008թ. մարտի 1-ը ճակատագրական եղավ իր համար, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ը: 1999-ին դեռ առաջին կուրսի ուսանող էր, սովորելու ընթացքում աշխատում էր «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում: «Ավարտելուց հետո վերադարձա Եղեգնաձոր, որովհետեւ այնտեղ ԶԼՄ չունեինք: Մինչեւ հիմա էլ սա միակ մարզն է, որ տեղական հեռուստատեսություն չունի: 2006-2008 թթ. ես «Հայլուրի» թղթակիցն էի, երբեմն «Երկիր Մեդիային» ու մյուս ԶԼՄ-ներին էի թղթակցություններ ուղարկում, որովհետեւ կարեւոր էր իմ մարզի մասին պատմելը»,-հիշում է նա: «2008-ին հայրիկս մասնակցում էր միտինգներին, ես որպես լրագրող մասնակցեցի ընտրություններին, իսկ մի քանի օր անց մեկնեցի դոկումենտալ ֆիլմերի փառատոնի՝ աշխատանքային հանդիպման, Ստամբուլ: Հետո վերադարձա փետրվարի 28-ին: Մի քանի օր անց մարտի 1-ի դեպքերը տեղի ունեցան: Մենք այդ ժամանակ դրսից հյուրեր ունեինք:

Հայրս մարտի 1-ի լուսաբացին մեզ զանգեց ու ասաց, որ իրենց վրա հարձակվել են, խնդրեց աղոթել իրենց համար, հետո կապն ընդհատվեց: Դրանից հետո ոստիկանները լցվեցին մեր տուն, նրանք հայրիկին դիտարկում էին որպես Վայոց ձորի կազմակերպիչ, անգամ մեղադրեցին ինձ, որ ես գումարներ եմ բերում դրսից ընդդիմության համար, որովհետեւ Ստամբուլից էի եկել…Նրանք հայրիկի ուսը փշրել էին, ինքը երեք օր կորած էր: Հետո գտանք իրեն, վիրահատեցինք…դիտմամբ գիպսը բացել ու հենց այդ ձեռքի մատներից էին մատնահետք վերցրել…

Ես ու մայրս մարտի 8-ի լուսաբացը դիմավորեցինք Եղեգնաձորի ոստիկանության առաջ: Լուսադեմին «Հայլուրից» զանգ ստացա, թե կարո՞ղ եմ Վայոց ձորի գյուղերից որեւէ մեկում գյուղատնտեսական թեմայով ռեպորտաժ պատրաստել, ասենք՝ ծառերի բողբոջելու եւ այլնի մասին: Ես ապշել էի, այդ օրվանից որոշեցի, որ այլեւս չեմ թղթակցելու իրենց:

Կեսօրին հայրիկին մի կերպ թողեցին»,- պատմեց Նանեն: Հիշեց, որ հոր ուսի կարերը քանդելուց հետո էլ նրան դատախազություն են տարել՝ հենց հիվանդանոցային հագուստով: Ու դատախազության շենքի մոտ էլ են ինքն ու մայրն անցկացրել: «Ինձ համար սկզբունք դարձավ, որոշեցի, որ եթե որեւէ մեկը քաղաքացիական պայքարի մեջ է մտնում եւ ոտքի է կանգնելու իր իրավունքների համար, ես լինելու եմ այդ մարդու կողքին…Ես երբեք իմ ծանոթներին, ընկերներին չեմ կանչել, թե եկեք գնանք միտինգի, ով ցանկացել է, զանգել-միացել է»,-ասում է նա:

Փոխմարզպետ նշանակվելուց հետո տարիներ անց որոշել է փոքրիկ թղթակցություն պատրաստել տանիքի հարց լուծված բազմազավակ անապահով ընտանիքի մասին, որտեղ Նիկոլ անունով փոքրիկ կար, սակայն շահերի բախման պատճառաբանությամբ հեռուստատեսությունից մերժել են: Փոքրիկ Նիկոլի հետ կապված էլ զվարճալի միջադեպ է եղել. «Փոքրիկ Նիկոլի հայրիկի անուն-ազգանունը Կարեն Կարապետյան էր: Երբ հայրն ասել է՝ Նիկոլ Կարենի Կարապետյան, մարդիկ զարմացել են, մեկը նույնիսկ կատակել է. «Վայ, երկու վարչապետ մի տեղում»: Հայրն էլ իր հերթին է կատակել. «Ոչինչ, ես հրաժարական եմ տալիս»:

«Ռոդեննոցում» ծնված սիրո ու թայֆայի չվերածվելու մասին

«2008թ.-ի Հյուսիսային պողոտայի քաղաքական զբոսանքներից սկսած՝ ես ձեռք բերեցի գաղափարակից ընկերների մեծ բանակ: Գաղափարակից ընկերների հետ դու թիմ ես դառնում, այլ պարագայում՝ թայֆա, կլան: Թայֆան կործանում է, որովհետեւ որոշակի խմբի շահեր է հետապնդում, այլ ոչ թե գաղափար»,-ընդգծում է Վայոց ձորի փոխմարզպետը: 2018թ. ինքը դեռ Ժողարվեստի թանգարանում էր աշխատում եւ ապրիլյան դեպքերի սկսվելուն պես՝ մասնակցել է բոլոր հավաքներին: Հատկապես գիշերներն են գնում, որովհետեւ սադրիչներն ավելի շատ գիշերներն են աշխատում, իսկ կնոջ ներկայությունը մարդաշատ հավաքների ժամանակ մեղմող նշանակություն է ունենում:

Ապրիլի 9-ին եւս սովորականի նման գնաց մասնակցելու ընդդիմության նստացույցին, որը Ֆրանսիայի հրապարակում էր՝ Ռոդենի քանդակի մոտ: «Գիշերը սուրճ էինք փնտրում ես եւ ազգականիս երկու ուսանող աղջիկները, մեկ էլ մի տղայի հանդիպեցինք: Նրա սեղանին կարծեմ սուրճ կար, ջուր չկար կամ ջուր կար, սուրճ չկար… Ասաց՝ եկեք ծանոթանանք: Ասաց անունը Վարազդատ է, բայց կարող ենք Վարո ասել: Ուրախացա… Նույն անունով ընկերոջս կորցնելուց հետո միշտ մտածում էի, որ էլ երբեք այդ անունով երիտասարդ մարդու չեմ հանդիպի, իսկ ում հանդիպել եմ, ավագ սերնդի ներկայացուցիչներ էին: Այդպես մենք սուրճ գտանք, խմեցինք, հետո իմ ազգականներին ճանապարհեցինք, ու «Ռոդեննոցի» վառարանի վրա սկսեցինք կարտոֆիլ խորովել… Մեր սերը ծնվեց «Ռոդեննոցի» վառարանի շուրջ: Ինքը ճարտարապետ է ու փայտի գեղարվեստական փորագրությամբ է զբաղվում, այդ օրն իր նմուշներն էր ցուցադրում: Լուսաբացին հասանք Կասկադ, վարդ քաղեց ինձ համար, հրապարակի հետ նկարեցի վարդը ու գրեցի, որ մաղթում եմ՝ խաղաղ լինեն մեր լուսաբացները:

Ինձ համար շատ հուզիչ էին Ֆրանսիայի հրապարակի լուսաբացները… Ես ամեն պայքարող մեկի մեջ իմ հայրիկին էի տեսնում, ում մարտի մեկի լուսաբացին մենակ էինք թողել: Ես պարտք էի նրան ու մյուսներին: Լուսահոգի տատիկս միտինգի գնալիս ինձ միշտ ասում էր. «Նանի ջան, դե պսակվի, ինչի ես միտինգ գնում»: Կատակում էի, ասում էի. «Տատի ջան, գնում եմ միտինգի, որ պսակվեմ»: Երբեք մտքովս չէր անցնի, որ կգտնեմ իմ անձնական երջանկությունը հենց միտինգների ժամանակ: Մենք սկսեցինք շփվել, հետո Վարոն խոստովանեց, որ չէր կարող հաջորդ օրը չգալ, չէր կարող ինձ մենակ թողնել: Մեր նշանվելն ու ամուսնանալն էլ հապշտապ ստացվեց: Իր հայրիկը արտասահմանում շինարարության վրա աշխատում էր, սեպտեմբերին վերադարձել էր: Վարազդատն ասաց՝ գիտե՞ս ամսի 16-ին հայրիկս գնալու է, ո՞նց նշանվենք, ասացի՝ դե արի սեպտեմբերի 15-ին նշանվենք: Հուլիսին ինձ արդեն նշանակել էին փոխմարզպետ»,-պատմում է մեր զրուցակիցը:

Նանե Բագրատունին ցավով է փաստում, որ Վայոց ձորում քաղաքացիական հասարակությունը նոր է ձեւավորվում: Մարդիկ նախկինի նման յուրաքանչյուր պաշտոնյայի մեջ տեր են փնտրում: «Նախկինում այնպիսի նշանակումներ էին եղել, որ վայոցձորցիները տխուր էին, եւ ինձ ընկալում էին որպես իրենցը: Ես գնացի, որովհետեւ ԲՀԿ-ական մարզպետ էին նշանակել, ժողովուրդը դժգոհ էր, ես հրապարակային իր դեմ գրել էի, բայց երբ հանդիպեցինք այդ մարզպետի հետ, ինքը հասկացավ, որ կարող է ինձ հետ աշխատել, որովհետեւ պետականությունն ու պետական գործն ինձ համար այլ հարթությունում են, իսկ կուսակցական, գաղափարական բախումները՝ այլ»,-նշեց նա:

Հիասթափվում եմ, երբ քաղաքացին պաշտոնյայի մեջ տեր է փնտրում

Հարցրինք՝ հե՞շտ է լինել փոխմարզպետ եւ ընտանիքի կին: Պատասխանը բացասական էր. «Առաջին երեք ամիսը բոլորին սովորեցրել եմ, որ ծանոթ-խնամի-բարեկամ չկա, այնտեղ վարձով տուն գտանք, ամուսնացանք, շատ բարդ էր, այս պահին էլ բարդ է: Մարդիկ ինձ այստեղ ավելի շատ լրագրող ու հասարակական սեկտորի ներկայացուցիչ են ընկալում, խնդիր բարձրաձայնող: Լուրջ պատերի ենք հանդիպում աշխատանքի ընթացքում: Ինձ օգնում է սկզբունքայնությունը եւ հավատարիմ մնալը գաղափարներին…Ես ոգեւորվում եմ, երբ քաղաքացին հասկանում է, որ չպետք է իմ մեջ տեր փնտրի, քանի որ ինքը ինձ հետ հավասար տեր է, միասին պետք է բեռը կրենք: Ինչքան մեր մարզերում ունենանք իրավագիտակից քաղաքացիներ, այնքան հեշտ տեղային, մարզային իշխանությունները որակյալ կդառնան:

Համակարգային փոփոխությունները գալիս են ճիշտ կադրային քաղաքականությունից: Մենք «ծննդաբերել» ենք հեղափոխությունը, ու թեեւ խնդիրներ կան, չպետք է հոգսերից հիասթափվենք ու լքենք այդ «երեխային»: Հայտնի առակին է նման, երբ երկու կին վիճում են, թե ումն է երեխան, ու Սողոմոնին են դիմում խնդիրը հարթելու համար, Սողոմոնն ասում է՝ եկեք սպանենք, թող ոչ մեկին չմնա երեխան: Սակայն իրական մայրն ասում է՝ չէ, թող մնա մյուս կնոջ մոտ, բայց ողջ մնա: Հիմա ես եւ իմ գաղափարակից ընկերները նույն վիճակում ենք՝ մեր շողշողուն հաղթանակները հաճախ տալիս ենք մարդկանց, որոնք հայտնվել են իշխանությունում, միայն այն ակնկալիքով, որ հեղափոխությունը չտապալվի»:

Նանե Բագրատունին նշում է, որ 6-7 ամիսների ընթացքում 3000-4000 քաղաքացի է ընդունել, չերեւացող, բայց լուրջ աշխատանք է արել: Ասում է՝ հաճախ շատ կանայք են գալիս իր մոտ, որովհետեւ ինքը կին է, մտածում են՝ իրենց խնդիրը ավելի լավ կընկալի: Կարեւորում է հայրենաճանաչությունը՝ որոշումներ կայացնելիս եւ քաղաքականությունը որակում է երկրի իմունիտետ:

Ինչ վերաբերում է հայրենի Եղեգնաձորում կայացած իր հարսանիքին, պարզաբանում է, թե ինչու այն կայացավ կրթամշակութային նախագծի ձեւաչափով. «Ես այդպես արեցի, որ ժողովրդի հետ լինեմ, որ ժողովուրդը մասնակցի, անջրպետ չլինի մեր միջեւ: Չասեն՝ իմ կլանով հարսանիք արեցի: Անգամ իմ տարոսիկները դպրոցականներն էին պատրաստել տեխնոլոգիա առարկայի ժամին: Մի կարեւոր մանրամասն՝ 1989-ին երբ հայրս ինչ-որ տեղից քահանա է գտել, որ մեզ կնքի, Աշոտ Բլեյանը եղել է իմ կնքահայրը: Հավաքույթին ներկա էին իմ անկախության հորեղբայրները՝ Բլեյան Աշոտը, Մանուչարյան Աշոտը, Վանոն Դադոյան, Վազգեն Սարգսյանը., Կարապետ Սիմիդյանը: Սպարապետը այդ օրը երգել է: Իմ հարսանիքի օրը հոկտեմբերի 27-ն էր…1999թ. հոկտեմբերի 27-ին սասանվեց մեր պետականությունը, եւ 2019 թ. հոկտեմբերի 27-ին ես իմ հարսանիքը դիտարկեցի որպես ընտանիքի ամրության կայացում, որպես պետության ամրության գրավական, խնկարկում իրենց հիշատակին: Ցանկացա ասել, որ ի հիշատակ իրենց՝ կարող ենք հարսանիքը խնկարկում դարձնել, ինչպես իրենք «Հարսանիք լեռներում» էին անում, այնպես էլ մենք ենք հարսանիք անում լեռներում, որովհետեւ մեր Եղեգնաձորի ամֆիթատրոնը բարձրադիր գոտում է»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031