Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը չի՞ կարող առաջադրվել ՍԴ անդամի թեկնածու. Միստր X-ի ընտրվելը, իրավական կազուսն ու պատգամավորների բանավեճը

Մարտ 28,2019 19:23

Կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ ՀՀ նախագահը դիմել էր ՍԴ եւ վիճարկել էր ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթները: Սահմանադրական դատարանը խնդրահարույց էր գնահատել ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթները:

Վիճարկվում էր այն դրույթը, ըստ որի, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները պետք է ամրագրվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում: Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է եղել օրենքում փոփոխություն կատարել, հակառակ դեպքում ՀՀ-ում կառաջանար հակասահմանադրական իրավական վակուում:

«Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանը հարցրեց՝ ըստ «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի, եթե ՍԴ-ն նոր դատավոր չի ընտրում, ապա մեկ ամիս հետո իրավասու մարմինը կրկին առաջադրում է թեկնածու, բայց կարո՞ղ է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ իրավասու մարմինը  մի քանի անգամ ներկայացնի նույն մարդուն՝ անգամ նրա թեկնածությունը չհաստատվելուց հետո, այսինքն, իրավական ճգնաժամ լինի, անընդհատ նույն մարդուն փորձեն ներկայացնել քվեարկության: Զեյնալյանը պատասխանեց, որ եթե անձը չի ընտրվել, ապա չկա որեւէ սահմանադրական արգելք, որ նույն անձին, նույն սուբյեկտը կամ այլ սուբյեկտ չի կարող ներկայացնել նույն ԱԺ-ին կամ մեկ այլ ԱԺ-ի: Հետեւաբար, նման հնարավորություն կա, անընդհատ կարող է նույն անձը ներկայացվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ Արտակ Զեյնալյանին հարցրեց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկել են ու որոշել են կառավարության բերած դրույթը, որը վերաբերում էր թեկնածուների առաջադրմանը, փոխել, բայց հիմա կարծես թյուրիմացություն կա, հի՞ն տարբերակն է դնում քվեարկության, թե՞ իրենց նախկինը, որը հավանության չէր արժանացել հանձնաժողովում: Զեյնալյանն ասաց, որ ձեւակերպման մեջ գրել են՝ «ներկայացնում է նոր թեկնածու», բայց դրա մեկնաբանությունը ինքն արդեն տվել է: Հանձնաժողովի անդամները նիստերի դահլիճում սկսեցին բուռն բանավիճել ու քննարկել: Տեքստում գրել են մի բան, բայց նախարարը դա մեկնաբանում է բոլորովին այլ կերպ: Տարոն Սիմոնյանն ասաց՝ նոր թեկնածու պետք է ներկայացվի, այլ բան է, որ մենք մի բան ենք հասկանում դրա տակ, դուք՝ այլ բան: Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց՝ «կարող են ներկայացնել նոր թեկնածու, որը կարող է լինել քվեարկությամբ չընդունված հին մա՞րդը»: Ըստ Գեւորգ Պետրոսյանի, «նոր» բառը շփոթեցնում է, նորը լինում է հագուստը, հեծանիվը, բայց ոչ թեկնածուն, թեկնածուն լինում է «այլ»:

«Իմ քայլից» Սոս Ավետիսյանը հորդորեց «պարզ մահկանացուների» համար բացատրել, թե ի՞նչ է ենթադրում նախագիծը: Զեյնալյանը բացատրեց, որ Սահմանադրական դատարանի անդամի համար իրավասու մարմինը կարող է ներկայացնել նոր թեկնածու, եթե նախկինը չի ընտրվել, բայց Սահմանադրության մեջ չկա որեւէ արգելք, որ չընտրվածը չի կարող նորից ներկայացվել:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ որեւէ կարգավորումով չի արգելվում անձին նորից առաջադրվել, դա նույնն է, որ մի անգամ չընտրված պատգամավորին արգելեն նորից առաջադրվել: Մարդու ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հարց է:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հստակեցրեց՝ այսինքն, այս պահին ՀՀ նախագահը առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա չի ընտրվում, նախկին թեկնածուն՝  Վահե Գրիգորյանը, կարո՞ղ է նորից առաջադրվել եւ ընտրվել:  Վարդանյանը պատասխանեց, որ արգելք չկա, որ անընդհատ ներկայացվի Գոռ Հովհաննիսյանը, բայց հարգանք պետք է լինի պետական կառույցների միջեւ, եթե մի թեկնածուն չի ընտրվում մի մարմնում, ինչո՞ւ պիտի նույն մարդուն նորից առաջադրեն:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նորից ճշտեց՝ «պարզ հարց եմ տալիս, խնդրում եմ նույն կերպ պատասխանել, շատ խրթին են իրավաբանները խոսում՝ Վահե Գրիգորյանը 6-րդ գումարման ԱԺ-ում առաջադրվել էր ՍԴ դատավորի թեկնածու, չընտրվեց, հիմա նա 7-րդ գոմարման ԱԺ-ում կարո՞ղ է նորից առաջադրվել, ասենք՝ չկար Գոռ Հովհաննիսյան, հա՞, թե՞ չէ, ուրիշ բան չասեք»: Վարդանյանը պատասխանեց՝ ես հարցաքննության չեմ ու կպատասխանեմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, համապատասխան հարցումն ուղարկեք ՀՀ նախագահին, երկու թեկնածուներին էլ նա է առաջադրել: Բագրատյանը զարմացավ՝ դուք օրենք եք ներկայացնել, մենք ՀՀ նախագահի՞ց մեկնաբանություն վերցնենք: Բագրատյանը, տեսնելով, որ Վահե Գրիգորյանի անունը տալիս է, պատասխան չի ստանում, հարցրեց՝ «Ինչ-որ իքս մարդ՝ Միստր X-ը կարո՞ղ է առաջադրվել, եթե նախկինում չի ընտրվել»: Վարդանյանը պատասխանեց, որ եթե Միստր X-ը բավարարում է այդ չափանիշներին, ապա ՀՀ նախագահը կարող է նրան առաջադրել:

Նախարար Զեյնալյանն ասաց, որ որեւէ օրենքով Սահմանադրությունը չեն կարող մեկնաբանել, եթե նոր բառը գրեն, կամ չգրեն, դրանով Սահմանադրությունը չեն փոխի՝ որքան էլ որ դա իրենց նպատակներին հարմար է:

«Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանին հետաքրքրում էր այլ բան՝ ՍԴ նոր անդամ է ընտրվում, նոր Սահմանադրությամբ, ինքը ունի իրավունք ընտրվելու ՍԴ նախագահ, բայց մյուս կողմից նա զրկված է իր այդ իրավունքից՝ մոտակա 6 տարիներին լինելու ՍԴ նախագահ, այստեղ իրավական կազուս չե՞ք տեսնում, թե՞ դա նորմալ է, որ հին ձեւով ընտրված նախագահը այդքան երկար մնա Սահմանդրական դատարանի նախագահ: Զեյնալյանն ասաց, որ ձեռնպահ կմնա դիրքորոշում հայտնելուց:

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 117 կողմով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031