Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ համայնքի գործարարների ներգրավումը՝ Հայաստանի արդյունաբերական բաժնի և տնտեսական զարգացման ոլորտում. Մաս 2

Մարտ 28,2019 18:42

Իրանահայ համայնքի իշխանությունները և Կիլիկիո կաթողիկոսության կապված հայոց եկեղեցու հոգևոր առաջնորդներն ամեն տարի ապրիլի 24-ին համայնքի հարստությունից հազարավոր դոլարներ ծախսում են հայոց ցեղասպանության ամյակների առիթով կազմակերպված հանրահավաքների և քարոզչական ձեռնարկների համար: Սակայն մինչ այժմ այդ ապարդյուն գործունեությունը չի հանգել որոշակի քաղաքական կամ հասարակական դաշտում ցեղասպանության հարցն Իրանի պետական պաշտոնական շրջանակում ճանաչման արդյունքների: Այս համահավաքները և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրանահայ կուսակցական գործիչների տարած ջանքերն հետապնդում են միմիայն մի նպատակ, այն է՝ լեգիտիմություն տալ որոշակի խմբերի գաղափարական և քարոզչական գոյությանը հանրության մոտ: Դա միայն ներքին քաղաքական սպառում ունի և չի ծառայում համայնքի ազգային և հասարակական շահերին: Այդ գումարները պետք է մոբիլիզացվեն Իրան-Հայաստան տնտեսական և մշակութային հարաբերությունների և հայ գործարարական շրջանակի համագործակցությունների ընդլայնմանը, քանի որ միայն ֆինանսական զգալի աղբյուրներով հնարավոր է հայ դատի ուղղությամբ քարոզչական աշխատանք տանել և հասնել ցանկացած արդյունքի:

Իրանի հայ համայնքի գործարարական դաշտը խոպան է մնացել համայնքի ազգային իշխանության գործիչների դոգմացած գաղափարների և քաղաքական կարծր մոտեցումների պատճառով: Նրանք երբեք չեն մտածում Իրանի և Հայաստանի բիզնես դաշտում ներդրում անելով կարող են ավելի հզորացնել համայնքի տնտեսական կարողություններն ու հնարավորությունները: Այս ոլորտում բացակայում է տեսական և գործնական միտումները:

Այստեղ է, որ Հայաստանի կառավարությունը, Իրանում ՀՀ դեսպանությունը և համայնքի շահագրգիռ գործարարական շրջանակը համագործակցության եռանկյունի ստեղծելով, պետք է փորձեն Իրանի հայ համայնքի գործարարներին, արհեստավորներին և բիզնեսմեններին ի մի բերելով՝ նրանց ներուժն օգտագործել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իհարկե, դա պետք է կատարվի Իրանի պետության, ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների իրազեկությամբ ու համագործակցությամբ: Դրա իրավական և գործադրական մեխանիզմների մասին պետք է ոլորտի փորձագետները ծրագիր մշակեն և մասնագիտական աշխատանք տանել պլանը կյանքի կոչելու համար:

Հայաստան-Իրան ծրագրերը կյանքի կկոչվեն և նոր շունչ կլինեն Հայաստանի համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ խոսելով վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումների և իրանական գազի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

«Հույս կա, որ Հայաստանը դուրս կգա տարածաշրջանային մեկուսացումից։ Իրանում Ռոհանին նույնպես խոսեց հայկական կողմի հետ գազի հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչը նշանակում է, որ գոնե 2 կողմի մոտ կա համաձայնություն։ Բացի այդ ակտիվ գործակցություն է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև և, քանի որ Հայաստանն էլ ԵԱՏՄ անդամ է, ենթադրում ենք, որ այս հարցը քննարկվել է նաև այդ կառույցում ու ստացել որոշակի դրական պատասխաններ»,- նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը ։

Միջպետական մակարդակում համատեղ նախագծեր ն,համաձայնագրերն ու ստորագրված հուշագրերը կյանքի կոչելու անհրաժեշտությունից բացի, առանձնապես նաև պետք է կարևորության տալ իրանահայ համայնքի մարդկային և ֆինանսական ու արդյունաբերական ռեսուրսների նպատակաուղղված օգտագործմանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դաշտում:

Իրանահայ համայնքում աշխատում է հայ արհեստավորների միությունը: Միությունը միայն անվանապես է կոչվում է Արհեստավորների միություն, սակայն իրականում չի զբաղվում մասնագիտացված նախաձեռնություններ իրականացնելու գործով, այլև դարձել է, ուրախ ժամանցի և որոշ շրջանակների ֆինանսական պահանջների գոհացման ու նվիրատվություններ հավաքելու ակումբ: Սակայն, միության անդամ են Իրանի արդյունաբերողների և տեխնիկական արտադրամասերի խոշորագույն կոմբինատների սեփականատերներն ու տնօրենները, որոնք մասնագիտական մեծ ներուժ ունեն Հայաստանում ներդրում կատարելու համար: Ցավոք նրանց ներուժը չի ուղղորդվում Հայաստանում տնտեսական և արդյունաբերական ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Այս խնդիրը կարգավորելու համար իրանահայ իրազեկ գործարարները ներկայացրել են հետևյալ առաջարկները.

Հնարավորության դեպքում Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունների նախաձեռնությամբ Երևանում ստեղծել իրանահայ գործարարների համար խորհրդատվական գրասենյակ, որտեղ իրանահայ գործարարներին կներկայացվի Հայաստանի տարբեր մարզերում պահանջվող ներդրումային և արտադրամասերի ստեղծման նախագծեր: Նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և պետական ու Հայաստանի բանկերի աջակցության երաշխիք:

Իրանահայ գործարարներն ու ներդրողները պատրաստ են Հայաստանում արհեստանոցներ և արտադրամասեր ստեղծել իրանահայ արհեստավորների և գործարարների համատեղ ջանքերով և հայաստանցի արհեստավորներին աշխատանքի ընդունել գործարաններում:

Իրանահայ գործարարները առաջարկում են Իրանում ստեղծել հայ և իրանցի գործարարների և արհեստավորների համատեղ ընկերություններ և Հայաստանի ֆինանսների և արդյունաբերության նախարարությունից փորձագիտական խորհրդատվություն ստանալով՝ պահանջված արդյունաբերական նախագծեր իրականացնել Հայաստանում:

Հնարավոր է Իրանում ՀՀ դեսպանության կողմից և Հայաստանից ժամանած համապատասխան նախարարությունների ներկայացուցչի մասնակցությամբ հանդիպում կայացնել տարբեր ոլորտի՝ իրանցի և հայ արհեստավորների և գործարարների հետ, Իրանի հայ արհեստավորների միության սրահում և քննարկել համատեղ գործակցության և ներդրումների հնարավորությունը: Նախընտրելի է հանդիպումները կայացնել տարբեր օրերում, ըստ մասնագիտական կատեգորիաների, որպեսզի խաչաձևում չառաջանա տարբեր արդյունաբերական ոլորտներում աշխատող արհեստավորների ու գործարարների միջև:

Հնարավոր է, Իրանի հայ տնտեսագետներին և համալսարանների դասախոսներին հրավիրել խորհրդակցական հանդիպման և նրանց առաջարկների հիման վրա՝ մշակել գործարարական համատեղ պլաններ:

Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերը ցանկանում են Հայաստանի կառավարությունը Արևմտյան երկրների և ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանավորվածության հասնի, որ իրենց հայկական անձնագրում նշված ծննդավայրի մասին կետը չխոչընդոտի իրանահայերին բիզնես գործողությունների համար, չկարողանալ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ապրանք ներմուծել Հայաստան: Հայաստանի երկքաղաքացիություն ունեցող իրանահայերն ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչի իրանահայերի բիզնես և գործարարական իրավունքները Հայաստանի քաղաքացիներին համահավասար և պաշտպանի նրանց իրավական ու տնտեսական շահերն արտերկրում:

Մանր և միջին բիզնեսի և աշխատավայրերի զարգացման նպատակով առաջարկվում է՝ Երևանում կամ Իրանի սահմանին մոտ քաղաքներում ստեղծել իրանական ապրանքների շուկա կամ բիզնես ֆորում, որտեղ կտեղակայվեն վաճառքի տաղավարներ և Հայաստանում բնակվող իրանահայ և հայաստանցի երիտասարդների համար կստեղծվի աշխատատեղեր:

Արդյունաբերական համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով առաջարկվում է ստեղծել տեղեկատվական կենտրոն կամ կայք, որտեղ Հայաստանի սպառողական շուկայի պահանջները թարմացված ձևով կտրամադրվի գործարարներին:

Գործարարների փոխայցերի ընթացքում հնարավոր է կազմակերպել մի շարք հանդիպումներ Իրանի ֆինանսների, արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և արդյունաբերական բաժնի ներկայացուցիչների հետ:

Հայաստանում աշխատող փորձառու գործարարներն ընդգծում են՝ արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների նախնական քայլերին նպաստող ուղղության հստակեցումը և հայ ու իրանցի գործարարական շրջանակներին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը:

Հայաստանում արեւային էներգիայի տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արեւային պանելների արտադրման գործում հնարավոր է օգտագործել իրանահայ արհեստավորների փորձն ու տեխնիկական հնարավորությունները։

Իրանահայ արհեստավորներն առաջին խոսքն են ասում պլաստմասե ապրանքների և իրերի կաղապարաշինության արդյունաբերությունում: Հետևաբար` հնարավոր է նրանց փորձը և ներդրումն օգտագործել Հայաստանում այդ արդյունաբերությունը զարգացնելու համար: Դա կօգնի նաև, Թուրքիայից այդ ապրանքները ներմուծելու կախվածությունից փրկվել և մեծ թվով պլաստմասե ապրանքներ արտադրել Հայաստանում:

Ծանր մեքենաշինության արդյունաբերության ոլորտում ևս Իրանի հայ արհեստավորներն իրոք առաջին տեղն են զբաղեցնում Իրանում և նրանց արտադրած մեքենաներն օգտագործվում են ամենատարբեր գործարաններում է արտադրամասերում: Նույնիսկ, կան շատ ճանաչված մեքենաշինության գործարաններ հայկական բրենդով, որոնք բազմիցս արժանացել են Իրանի արդյունաբերության նախարարության գնահատանքին:

Իրանում տիրող տնտեսական ծանր պայմանները պատճառ են դարձել, որ շատ իրանցիներ բանկերում ավանդ դրած ռիալը փոխեն ոսկու կամ արտարժույթի, հիմնականում դոլար և եվրո, և այդ գումարները կամ ոսկիները (ոսկեդրամ) պահել տան գզրոցներում: Նրանք փորձում են այդ արտարժույթը մի կերպ երկրից դուրս հանել և ավանդ դնել արտասահմանյան բանկերում: Հայ համայնքի բնակարաններում ևս կան նման անօգտագործելի արտարժույթներ: Հետևաբար` պետք է հնարավորություն ստեղծել իրանահայերին այդ գումարները տեղափոխել Հայաստան և ավանդ դնել հայկական կամ Հայաստանում աշխատող արտասահմանյան բանկերում: Մյուս կողմից, եթե Իրանի հայ գործարարները և բիզնեսմենները կարողանան պետական աջակցությամբ Հայաստանում ստեղծել արդյունաբերական արտադրամասեր, ապա հնարավոր է բանկում պահվող իրանահայերի արտարժույթը օգտագործել գործարանների ստեղծած գործարանների կամ արդյունաբերական համալիրների բաժնետոմսեր գնելու համար: Անկասկած այս պլանների իրականացումը կօգնի Իրան-Հայաստան տնտեսական, առևտրական և հասարակական կապերի և փոխշահավետ բիզնես գործակցության զարգացմանը։

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031