Օրերս Ազգային ժողովում հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, որի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ՊԵԿ-ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ նախագահը:
Ի գիտություն պատգամավորի, ՊԵԿ նախագահի հրամանով են կատարվում համակարգում բոլոր նշանակումները, հետևապես տարածքային ստորաբաժանման որևէ ղեկավար աշխատանքի նշանակման իրավասությամբ օժտված չէ:
Ուստի, ԱԺ պատգամավորի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Կարծում ենք, անթույլատրելի է նաև, օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից իր իսկ հարցումների վերաբերյալ ՊԵԿ-ից ստացված հիմնավորումները «լոլոներ» որակելը:
Կարդացեք նաև
Եվ վերջում, անդրադառնանք հայտարարության մեջ հնչած միակ ճիշտ տեղեկատվությանը: Այո, Դավիթ Անանյանը և Արմեն Հակոբյանը համակուրսեցիներ են, բայց ի տարբերություն Դավիթ Անանյանի, որը ՊԵԿ-ում աշխատանքի է անցել 2018-ի մայիսից, Արմեն Հակոբյանը համակարգում աշխատել է 1994թ.-ից մինչև 2017-ը և համակարգ է վերադարձել հենց Դավիթ Անանյանի առաջարկությամբ` ցանկանալով իր մասնակցությունն ունենալ երկրում իրականացվող բարեփոխումներին և հավատալով հաստատված նոր իրողություններին: Նշենք, որ ՊԵԿ–ում աշխատած տարիներին Հակոբյանն իրեն դրսևորել է որպես հմուտ, արհեստավարժ և գործիմաց մասնագետ:
Հուսով ենք, Սոֆիա Հովսեփյանը և իր մի քանի դիմումատուներն այսուհետ ըմբռնումով կմոտենան այն փաստին, որ ՊԵԿ-ի կողմից Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը կարող է նաև չհամընկնել Սոֆիա Հովսեփյանի և նրա ծանոթ-բարեկամների պատկերացումներին և ցանկություններին:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին