Ըստ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի՝ այսօր մեդիա դաշտը բաժանվել է սեւ ու սպիտակի։ Նրա տպավորությամբ՝ քարոզչական պատերազմում առայժմ հաղթում են սեւերը, որոնք ավելի շատ գումարներ ունեն։ Այս ամենը պարոն Մովսեսյանին հիշեցնում է 2002 թվականը՝ «Ա1+»-ի եթերազրկումը եւ Ռոբերտ Քոչարյանի՝ ապօրինի եւ անաչառ լրատվության ոչ մի կանոնի մեջ չտեղավորվող խորհուրդը ընդդիմադիրներին, թե նրանց մեջ հարուստներ կան, կարող են միանալ եւ ֆինանսապես աջակցել «Ա1+»-ին։
«Ավելորդ է անգամ ասել, թե այդ օրենքի ինչ մեծ խախտում էր նրա խորհուրդը։ Իսկ եթե չեթերազրկվեր «Ա1+»-ը, վստահեցնում եմ, հանգիստ կարող էր զարգանալ գովազդի հաշվին, ինչը եւ արել էր իր հիմնադրումից մինչեւ եթերազրկումը»,-ասում է պարոն Մովսեսյանը։ Նա նաեւ կարծում է, որ Քոչարյանին այսօր պետք է եկել իր իսկ օրինախախտ խորհուրդը, եւ մեծ գումարներով «հորինում է լրատվամիջոցներ»։
Մեսրոպ Մովսեսյանը կարեւորում է նոր կառավարության դիրքորոշումը եւ մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերջին ասուլիսում. «Ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև քարոզչության համար, և կառավարությունը դրա դեմ բան չի անում, որովհետև կարևորում է խոսքի ազատությունը»:
Բայց նաեւ նկատում է, որ մեդիադաշտում պայքարն այնքան է թեժացել, որ տպավորություն է, թե. «Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է արդեն Հանրային հեռուստաընկերությունն էլ գնել եւ… վերջ»։
Կարդացեք նաև
«Դե , «Ա1+»-ը չի պատրաստվում այդ խաղերին մասնակից դառնալ, ունի իր սկզբունքները, որոնց երբեք չի դավաճանել»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը։
Արդեն 17 տարի է՝ եթերազրկված «Ա1+»-ն իր կայքում ներկայացնում է այն կարեւորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում երկրում։ Ինչպես կատակում են «Ա1+»-ում՝ հաջորդ 17 տարիներն էլ բացառություն չեն լինելու։ Սակայն ընկերությունը չի հրաժարվում հեռուստաեթեր վերադառնալու մտքից եւ պատրաստվում է մասնակցել 2020թ կապուղիների մրցույթին։
Երբ փորձում ենք գնահատել եթերազրկումից հետո «Ա1+»-ի ստեղծածը, կարող ենք ասել, որ անկախ դժվարություններին՝ ընկերությունը չի կորցրել իր դեմքը, հավատարիմ է մնացել բազմակարծության եւ օբյեկտիվության չափանիշներին։ Եթե դրան գումարում ենք նաեւ մինչ եթերազրկումը՝ 1991թ-ից ի վեր ստեղծածը, տեսնում ենք, թե ինչ մեծ ժառանգություն է ստեղծել «Ա1+»-ը։ Առանց համեստության կարելի է նշել, որ այսօր «Ա1+»-ն ունի ամենաարժեքավոր արխիվներից մեկը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: