Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները վիրավորված են. թոշակները բարձրացնելիս ոչ ոք նրանց չի հիշում

Մարտ 28,2019 17:33

Դեռ նախորդ տարվանից սկսած՝ կառավարությունը թոշակներն ու նպաստները բարձրացնելու գործընթաց է սկսել: Սակայն, բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվող թոշակների ավելացման մասին խոսք չկա: Զոհված զինծառայողների ծնողները վիրավորված են. ասում են՝ թոշակները բարձրացնելիս ոչ ոք մեզ չի հիշում:

Մարտի 25-ին խորհրդարանում կրկին քննարկվեց որոշ խմբերի կենսաթոշակը բարձրացնելու հարցը, սակայն, ինչպես զոհված զինծառայող Ռոբերտ Եղոյանի մայրը՝ Սաթիկ Խուդավերդյանն է նկատում, այս անգամ էլ զոհվածների ընտանիքների թոշակների հարցը շրջանցվել է:

Սաթիկ Խուդավերդյանի ընտանիքը որդուն կորցնելուց հետո 31 հազար 680 դրամ թոշակ է ստանում: Ասում է՝ ինքը եւ զոհված տղաների կանայք եւ մայրերը որդիներին կորցնելուց հետո հոգեկան ապրումների պատճառով «հազար ու մի հիվանդություն» ու հաշմանդամություն են ձեռք բերել, ստացած թոշակն էլ անգամ դեղորայքին չի հերիքում:

Օգնության ակնկալիքով նամակ է գրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, դիմումը մակագրվել է ՊՆ-ի սոցիալական վարչություն. մերժել են:

«Ասում են՝ պետք է 21 օր հիվանդանոց պառկես կամ տունդ այրվի կամ էլ՝ տան անդամներից մեկը մահանա, որ նախարարին դիմում գրես գումարային օգնության համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սաթիկ Խուդավերդյանը: Նրա խոսքով, զոհվածների ծնողները չեն ուզում մուրացկանություն անել, ամեն անգամ նախարարին դիմում գրել, ուզում են, որ պետությունն արժանավայել թոշակ վճարի, որպեսզի իրենց հարցերը ինքնուրույն լուծեն եւ ամեն անգամ նախարարության, քաղաքապետարանի ու թաղապետարանների դռները չթակեն. «Որ գոնե հասկանաս, գնահատված ես, որ երեխադ հայրենիքի համար է զոհվել, որ գոնե կարողանաս նրանցից հետո ապրել»:

Նրա խոսքով, ոչ միայն թոշակները չեն բարձրացնում, այլեւ նախկինում ունեցած մի շարք արտոնություններից են զրկել: Ասում է՝ զոհվածների ընտանիքների գազի, էլեկտրաէներգիայի վարձավճարները զեղչվել են, հասարակական տրանսպորտից օգտվելու «մշտական» են ունեցել, առողջարանի անվճար ուղեգիր են ստացել, նախարարության սոցվարչությունից էլ՝ որպես օգնություն ժամանակ առ ժամանակ գումար են ստացել: Սակայն մի քանի տարի է՝ բոլոր այդ արտոնությունները հանվել են: Զոհված զինծառայողների ծնողները նախորդ եւ ներկայիս պաշտպանության նախարարների վերաբերմունքից էլ են դժգոհ: Ասում են՝ Եռաբլուրում կամ մեկ այլ վայրում իրենց տեսնում են՝ սառը բարեւում՝ անցնում են:

Տիկին Սաթիկի խոսքով՝ իրենց «դարդու ցավը» լսող միակ նախարարը Սեյրան Օհանյանն է եղել, որի դռները զոհված զինծառայողների ծնողների առաջ միշտ բաց են եղել: Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ էլ ընդունելության հարցում խնդիրներ չեն ունեցել, երբ ուզել՝ Սերժ Սարգսյանի հետ կարողացել են հանդիպել: Սակայն, տիկին Խուդավերդյանի խոսքով, թոշակների բարձրացման խոստումները Սերժ Սարգսյանի կողմից այդպես էլ անկատար են մնացել. «Եռաբլուորմ, երբ տեսնում այդ հարցը տալիս էինք, ամեն անգամ ասում էր՝ համբերեք, շուտով կբարձրացնենք, բայց այդպես էլ չէր ավելանում»:

Տիկին Սաթիկի որդին՝ Ռոբերտ Եղոյանը բանակում մահացել է 1998 թվականին: Տիկնոջ խոսքով, Ռոբերտին ծեծելով սպանել են. «Միայն քառօրյա պատերազմը չի զոհեր տվել, 90-ից հետո շատ զոհվածներ կան, որոնց ընտանիքները շատ ծանր վիճակում են»:

Զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք պետությունից ստանում են թոշակ, համարվում են պաշտպանության նախարարության շահառուները: Aravot.am-ը ՊՆ-ից հետաքրքրվեց՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է դիմել կառավարություն՝ այս ընտանիքներին հատկացվող թոշակների չափը վերանայելու առաջարկով կամ առաջիկա ծրագրերում ունի՞ նման մտադրություն: Հարցրել ենք նաեւ՝ արդյոք նախարարությունը մտադիր է վերականգնել ժամանակին նրանց ունեցած արտոնությունները:

Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031