Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հրաձիգները նվաճել են երկու մեդալ: Սակայն ավելին կարող էին անել, եթե լուծվեին մի քանի խնդիրներ:
Առաջինը մարզիկների մրցափորձի պակասն է, որի պատճառով նրանք այս էլ քանի տարի, ունենալով ավելի մեծ ներուժ՝ չեն կարողանում իրենց իսկական արդյունքները ցույց տալ եւ արժանի տեղերը զբաղեցնել:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով, իր սաները հավաքների ժամանակ ավելի բարձր արդյունքներ են արձանագրում, քան մրցումների ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է, որ հրաձիգները բացի պաշտոնական առաջնություններից, տարվա ընթացքում նաեւ 4-5 միջազգային մրցման մասնակցեն: Ֆեդերացիան կարողանում է միայն հավաքականի հոգսերը հոգալ: Անհրաժեշտ է հովանավորներ գտնել նաեւ արտասահմանյան հավաքներ կազմակերպելու համար, որտեղ հրաձիգները ծանոթանում են նոր զենքերին, աշխատում նոր փամփուշտներով: Մինչդեռ, այստեղ որոշ մարզադպրոցներ փամփուշտ չունեն: Մարզչի խոսքով, նաեւ հոգեբանի խիստ կարիք է զգացվում, որովհետեւ հրաձիգները հիմնականում պատանի կամ երիտասարդ են ու դժվարանում են հաղթահարել հոգեբանական արգելքները:
Սեյրան Նիկողոսյանն, այնուամենայնիվ, լավատես է եւ վստահ է, որ այդ խնդիրները լուծելու դեպքում օլիմպիական խաղերի 3-4 մասնակից կարող ենք ունենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ