Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»:
Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ դա զրպարտություն է ու Վանեցյանը պետք է հրապարակային հերքի այդ տեղեկությունները: Նա դրամական փոխհատուցում չի պահանջում:
Արթուր Վանեցյանի պաշտպան Մարիամ Զադոյանը դատական նիստի ընթացքում միջնորդություն ներկայացրեց գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ ունեն 12 ապացույց և հերթով թվարկեց դրանք: Դրանցից մեկը հաղորդագրություն էր, մյուսները՝ տարբեր լրատվամիջոցներում տպագրված հոդվածներ:
Կարդացեք նաև
Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտնեց, որ չի առարկում միջնորդությանը, սակայն խնդրեց դատական նիստը հետաձգել, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենա դրանց ծանոթանալու: Արթուր Վանեցյանի պաշտպանն արձագանքեց՝ այդ հրապարակումները լայն հասարակությանը հայտնի են, ուստի միայն մեկ նախադասություն է մնում՝ հաղորդագրությունը, որին ծանոթանալու համար մեկ ժամն էլ է բավարար:
Անի Ալավերդյանը հակադարձեց՝ ծանոթ չէ բոլոր հրապարակումներին և ֆիզիկապես տասներկու էջ կարդալը խելամիտ չէ մեկ րոպեի ընթացքում:
Նախագահող դատավորի որոշմամբ՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 23-ին ժամը 16.00-ին:
Դատական նիստից հետո լրագրողները Արթուր Վանեցյանի պաշտպան Մարիամ Զադոյանից հետաքրքրվեցին՝ այդ հոդվածներն ի՞նչ են ապացուցելու, նա պատասխանեց՝ դրան կանդրադառնա դատական քննության ընթացքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ