Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկին իշխանությունների ներկայացուցիչների գումարների կուտակումը ներկայումս վտանգավոր է». Աղասի Թադևոսյան

Մարտ 28,2019 16:52

«Առաջին կարևոր քայլը քաղաքական գնահատականն է»,-«Հոդված 3» ակումբում «Անցումային արդարադատություն և գույքի բռնագանձում. ինչպե՞ս հասնել հանրային համերաշխության» թեմայով քննարկմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ անցյալ տարիների ընթացքում մենք ունեցել ենք խնդիրներ, երբ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար զրկվել են աշխատանքից, առողջությունից, եղել է անպատժելիություն, հանրային ռեսուրսների բռնագրավում:

Ըստ նրա՝ խնդիրը չի կարող լուծվել հատվածական, այլ համերաշխության և ճշմարտության հաստատման համար առաջին քայլը պետք է լինի այն հայեցակարգի ներդրումը, որը պետք է քննարկվեր նաև խորհրդարանում. «Եթե տալիս ես գնահատական անցած ամբողջ ժամանակահատվածին, դա նշանակում է նաև տալիս ես հիմնական խնդիրները, որոնք գոյություն ունեն, թե ինչու համար են առաջացել և ինչ չպետք է արվի կամ ինչ պետք է անել խնդիրները լուծելու համար:  Իհարկե, առանձին խնդիրներ կարելի է քննարկել, լուծումներ տալ, բայց ովքե՞ր են իրականացնելու այդ լուծումները: Առանց դատական իշխանության մասնակցության ցանկացած քայլ՝ կլինի գույքի բռնագանձում, թե արդարադատության իրականացման հետ կապված, խիստ կասկածելի է»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանի կարծիքով՝ պետք է երկխոսություն լինի հարստահարողի, հարստահարվածների և հարստությունը յուրացնողների միջև:

Դառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Սուրեն Սահակյանն ասաց. «Այդ հարցի բարձրացումը պետք է լիներ հեղափոխության գործընթացի ընթացքում կամ դրանից հետո, որ մարդկանց սպասումներն, ապագայի տեսիլքը պարզ լիներ, չլինեին այն խնդիրները, որոնց միջով մենք անցանք: Եվ պետք է խոսեինք, թե ինչպես ենք ուզում վերադարձնել այդ յուրացվածը: Դա կլիներ հանրային համերաշխության մոդելը: Ցավոք, այդպես չեղավ, հիմա մենք օրենսդրական նախաձեռնությունից օրենսդրական նախաձեռնություն ենք այդ օրակարգը հիշում»:

Ներկայիս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ Սուրեն Սահակյանն ասաց, որ դա բացարձակ կապ չունի իրենց առաջարկածի հետ. «Այս մի օրենսդրական նախաձեռնության մեջ խոսքն այն մասին է, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում,  եթե գույքն ակնհայտ ապօրինի է, բայց մարդու չեն գտնում, որ դատեն, գույքը վերադարձնեն, ապա գույքը առանց դատարան որոշվում է բռնագանձել: Դա միջազգային պրակտիկա է: Մեր առաջարկած մոդելով, այո, խոսքը մեջքը չջարդելու մասին էր: Դեմ չեմ մեջքը ջարդելուն, եթե ապօրինի հարստացածները չեն գնում հանրային համերաշխության, չեն ուզում իրենք վերադարձնել իրենց յուրացրածը: Բայց խոսքը մարդասիրական միջանցքի մասին է, որի շրջանակում հնարավոր կլինի երկխոսություն հաստատել յուրացնողների, հարստահարվածների ու հարստահարողների միջև»:

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նկատեց՝ ժամանակին խոսում էինք թալանչիների մասին, հետո քոչարյանական շրջանում թալանի ձևերը փոխվեցին, Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանն այլ էր, երբ թալանչիների հարստությունը սկսեց առարկայական տեսք ստանալ. «Դրա վկայությունն են Երևանում՝ Մոնումենտի շքեղ առանձնատները: Ակնհայտ է, որ այդ հարստության հիմնական մասը կուտակվել է պետական իշխանությունը չարաշահելու եղանակով»:

Ըստ ազգագրագետի՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների գումարների կուտակումը ներկայումս վտանգավոր է: Նա մանրամասնեց. «Այդ գումարները վտանգավոր են հետհեղափոխական ՀՀ-ի համար: Դրանք ներդրվում են հակաժողովրդական, հակապետական ստրուկտուրաների մեջ և գործում են պետության ու հասարակության դեմ: Այն դատական համակարգը, որ ունենք, այսօր աշխատող չէ: Շահերի բախում կա. նույն դատական համակարգը մասնակից է եղել այդ ապօրինի հարստությունների կուտակմանը»:

Ըստ Աղասի Թադևոսյանի՝ պետք է ստեղծել մարմին, որը կիրականացնի դատական գործառույթ, օրինակ ՝ հատուկ դատական մարմին, որը կզբաղվի հենց ապօրինություններով, որտեղ կներգրավվեն հանրային վստահություն ունեցող դատավորներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031