Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Եթե հիմա էլ են նույն պատասխանը տալիս, ուրեմն՝ էլի ցուցում կա քաղաքապետից»

Մարտ 28,2019 16:26

Իշխանափոխությունից հետո Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Վերջին շրջանում 8 բնակիչ կառավարության եւ քաղաքապետարանի շենքերի դիմաց բողոքի ցույցեր էր անում:

Նրանք պահանջում են լրացուցիչ փոխհատուցում իրենց բնակարաններն օտարելու դիմաց, քանի որ 2000-ին տրամադրած իրենց փոխհատուցումները համարժեք չեն եղել:

Այսօր «Մեդիա-կենտրոնում» Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ Արթուր Մելիք-Շահնազարյանն ասաց, որ իր բնակարանը Տերյան 20 հասցեում է եղել, 33 քմ մակերեսով, երկու ընտանիք է բնակվել ու 3 անչափահաս երեխա, փոխհատուցում են տվել ընդամենը 21 հազար դոլար: Մելիք-Շահնազարյանի պատմելով՝ գումարն այնքան քիչ է եղել, որ Երեւանի անգամ ծայրամասերում չի կարողացել բնակարան գնել:

Բնակիչները լրացուցիչ փոխհատուցում են պահանջում, քանի որ, ըստ Մելիք-Շահնազարյանի, նախկին իշխանությունների ժամանակ այդ տարածքի որոշ բնակիչներ նույն մակերեսով բնակարանների համար Կենտրոն եւ Երեւան հիմնադրամներից լրացուցիչ գումարներ են ստացել, իսկ այս բնակիչները՝ ոչ: Նրանք ուզում են պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված այս խտրականությունը: Դիմել են կառավարություն, քաղաքապետարան, որպեսզի պարզեն՝ ինչ չափանիշներով են այդ փոխհատուցումներն իրականացվել, ովքեր են այդ գումարները ստացողները:

«Հարցը տեղից չի շարժվում: Նախկիններն ասում էին՝ չենք տիրապետում տվյալներին, ներկայիս իշխանությունն էլ նույն բանն է ասում: Նամակներին պատասխանում են նույն անձինք, որոնք նախկինում նույն պաշտոնին էին ու ասում՝ չենք տիրապետում հիմնադրամի տվյալներին: Հիմա էլ ասում են՝ հիմնադրամը լուծարվում է»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ասուլիսին ներկա Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հիշեցրեց՝ որ իրացման գոտու բնակիչների խնդիրներով զբաղվել են, մի մասը փոխհատուցում է ստացել, մի մասը՝ ՄԻԵԴ է դիմել: Բնակիչները կոմիտեին վերջերս էլ են դիմել. «Պարզվում է խտրականություն է եղել: Պատասխաններ են տալիս, ասում են սենց մի բան՝ իբր ժամանակին եղել է քաղաքապետարան, իսկ հիմա՝ համայնքապետարան: Անհասկանալի է, այսինքն՝ ժառանգորդը չեն նախկինի: Չեմ պատկերացնում քաղաքապետարանը ինչպե՞ս նախկինի ժառանգորդը չէ: Արդյոք նոր օրենք է ընդունվել, կամ սահմանադրությո՞ւն է փոխվել քաղաքապետարանի մասին, այլ ընտրությունների ձեւո՞վ է եղել»:

Իշխանյանը նկատեց՝ բարձր ամբիոնից խոսում են անցումային արդարադատության մասին, հիմա այս բնակիչների սեփականության իրավունքն է խախտված եւ խտրականության իրավունքը, որը նոր իշխանության օրոք պետք է գործեր:

Երեւանի քաղաքապետարանը այս խնդրի առնչությամբ վստահեցրել է, թե նախորդ իշխանությունների կայացրած որոշումն է եւ չեն կարող պարզաբանել խնդիրը:

Այս առնչությամբ Իշխանյանն արձագանքեց. «Բա իմացեք: Ինչո՞ւ են չինովնիկներն այնտեղ նստած: Մանավանդ նախկին նույն մարդիկ, այն ժամանակ, եթե նույն պատասխանն են տվել, կներեք, ցրողական, ուրեմն ցուցում է եղել քաղաքապետի կողմից՝ ճիշտ տվյալները չտան: Եթե հիմա էլ են նույն պատասխանը տալիս, ուրեմն էլի ցուցում կա քաղաքապետից: Այս անգամ ուղղակի ասում են՝ պատասխանատու չենք: Փաստորեն, այս մարդիկ եւ այն ժամանակ էին զոհ, եւ հիմա»:

Իշխանյանը չբացառեց, որ այդ փոխհատուցումը կոռուպցիոն գործարքներով է եղել, քանի որ չեն հրապարակում, թե ինչ չափանիշներով են լրացուցիչ գումարները մի մասին տվել, մյուսին՝ ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031