Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներից շատերը նշել են, որ դպրոցներում և մանկապարտեզներում խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով. ՄԻՊ

Մարտ 28,2019 16:48

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։

2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:

«Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայի անհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա:

Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝

  • 121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար,
  • սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով,
  • դպրոցների 71% դեպքերում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով,
  • ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցների սենքերը միայն,
  • հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել,
  • դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկ մանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ,
  • դպրոցների 61% դեպքերում աշակերտները ջուր խմում են հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է,
  • դպրոցների 35% դեպքերում, շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցներ բացակայում են,
  • ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում,
  • հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն:

Զեկույցում բարձրացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։

Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքից որոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031