Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և Վորլդ Վիժն Հայաստանը իրականացրել են Հայաստանի աշխատաշուկայի հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվեցին մարտի 27-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Հետազոտությունները, մասնավորապես, վերլուծում են Հայաստանում ապրող երիտասարդների զբաղվածության խնդիրը հետևյալ տեսանկյուններից՝
- ի՞նչ դերակատարում և հեռանկարներ ունեն երիտասարդ աղջիկներն ու տղաները Հայաստանի աշխատաշուկայում,
- ի՞նչ խոչընդոտների է հանդիպում երիտասարդների մուտքն աշխատաշուկա,
- գյուղատնտեսության ոլորտը՝ որպես հասանելի, բայց անցանկալի ոլորտ երիտասարդների աշխատանքի համար:
Կարդացեք նաև
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան իր ողջույնի խոսքում նշեց․ «Այս երկար սպասված հետազոտության արդյունքները կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ երիտասարդության կարիքները Հայաստանում: Երիտասարդների զբաղվածության խնդիրը հատկապես մարզերում Եվրամիության ուշադրության կենտրոնում է, և այսօր ներկայացվելիք հետազոտությունները կօգնեն լուծել այն»:
Ուշագրավ է, որ Հայաստանի երիտասարդության 41% տնտեսապես ոչ ակտիվ է և դրա կեսից ավելին (մոտ 54%-ը) բարձրագույն կրթությամբ երիտասարդներ են:
Զբաղվածության աջակցության պետական ծրագրերից օգտվում են միայն աշխատանք փնտրող երիտասարդների 4%-ը, իսկ ոչ պետական ծրագրերից` 5%-ը։ Հարցմանը մասնակցած ներկայիս բոլոր ուսանողների 13.9%-ը և զբաղվածություն ունեցող բոլոր երիտասարդ հարցվողների 18.1%-ը նշում են, որ իրենց առհասարակ չի տրվել որևէ համընդհանուր հմտություն՝ ներառյալ բանակցելու, հաղորդակցության, վերլուծական, առաջնորդության և այլ համընդհանուր գործնական հմտությունները։
Թեպետ ՏՏ և տուրիզմի ոլորտները Հայաստանի տնտեսության համար համարվում են զարգացող ոլորտներ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայիս կրթական ծրագրերը չեն համապատասխանում ՏՏ և տուրիզմի ոլորտների պահանջներին․ շրջանավարտների գործնական հմտությունները և տեսական գիտելիքները միջինից ցածր են գնահատվում գործատուների կողմից։
Խոսելով արված հետազոտությունների մասին՝ ԿԳՆ Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ավելացրեց․ «Այս հետազոտություններն արդեն ներկայացվել են ԿԳ նախարարին` հետագա քննարկումների համար: Առաջարկում եմ զեկույցը ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը, քանի որ զեկույցի եզրակացություններից բխող հանձնարարականներ կարող են տրվել համապատասխան գերատեսչություններին: Այս հետազոտությունները շատ կարևորում եմ, քանի որ մասնագիտական կրթության տեսանկյունից միշտ նկատվել է աշխատաշուկայի ուսումնասիրության պակասը, և այս զեկույցները մեզ համար առանցք կդառնան` հետագա մեր աշխատանքը պլանավորելիս»:
Հետազոտությունների շրջանակներում իրականացված հարցումները հստակ արտացոլում են նաև այն հանգամանքը, որ այն արտոնություններն ու մեխանիզմները, որոնք պետք է խթան հանդիսանային գործատուների համար ավելացնելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերը, թեև քաջալերող են, բայց ոչ բավարար․ զբաղվածություն ունեցող հարցվողների ընդամենը 10.5%-ն է նշել, որ իրենց աշխատավայրում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, իսկ գյուղական բնակավայրերում՝ միայն 3.4%-ը։
Հետազոտությունների նպատակն է իրականացնել ժամանակակից աշխատաշուկայի կարիքների համապետական գնահատում՝ ներկայիս կրթական համակարգի պայմաններում և վերլուծել, թե որքանով են երիտասարդների հմտությունները և նրանց հասանելի հնարավորությունները համապատասխանում Հայաստանում աշխատաշուկայի պահանջներին։
«Հետազոտությունների հիմնական արդյունքները կդառնան կրթության, զբաղվածության և երիտասարդության զարգացման վերաբերյալ հանրային քաղաքականություններում մեր կողմից առաջարկվող փաստարկված բարեփոխումների հիմք», – իր խոսքում նշեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Ուսումնասիրությունները նաև հատկանշական տվյալներ են դուրս բերել գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ. Պարզվում է՝ գյուղատնտեսության ոլորտն այնքան էլ գրավիչ չէ երիտասարդների համար, և չնայած դրան, գյուղատնտեսությունն այժմ այն եզակի ոլորտն է, որտեղ գյուղական համայնքներում ապրող երիտասարդները կարող են աշխատանք փնտրել: Սակայն այստեղ էլ, երիտասարդները կարիք ունեն մասնագիտացման, որպեսզի կարողանան մրցունակ լինել ոլորտում:
«Մի կողմից մենք ունենք գյուղատնտեսության ոլորտը, որտեղ կարիք կա որակավորված մասնագետի, իսկ մյուս կողմից մենք ունենք երիտասարդներ, որ ապրում են գյուղական համայնքում և աշխատանք են փնտրում: Ահա այստեղ է այն բացը, որ Վորլդ Վիժն Հայաստանը փորձում է լրացնել իրականացվող ծրագրի շրջանակներում», – նշում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր էդիլյանը:
Հետազոտություններն անցկացվել են «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ ՍԵՅ ԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրերի շրջանակներում:
Հետազոտությունների ամբողջական զեկույցները հասանելի են առցանց՝
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն)
Երիտասարդների գործազրկության վերաբերյալ հետազոտությունը և Գյուղատնտեսության ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտությունը (Վորլդ Վիժն Հայաստան)։
Սեյվ դը չիլդրեն Հայաստան