ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԱԱԾ
Կարդացեք նաև
28.03.2019թ.
Հ.Գ. «Ժողովուրդը» երեկ հաղորդել էր, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։
Iravaban.net-ը Գագիկ Հեբոյանին ներառել էր օրինախախտ դատավորների շարքում. Գագիկ Հեբոյանը 1999 թվականից աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Խորհուրդն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն դատական ակտ` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ և կարող է համոզված լինել, որ խոչընդոտներ չեն ստեղծվի այդ դատական ակտի կատարման առնչությամբ, ինչը թիվ ԿԴ3/0129/02/11 և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործերի պարագայում բացակայում է, քանի որ Դատարանը միևնույն 12 գույքի վերաբերյալ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ կայացրել է իրար հակասող դատական ակտեր: Խորհուրդը որոշել է, որ, արդարադատություն իրականացնելիս, Դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել են նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: