Facebook սոցիալական կայքը հայտարարել է, որ արգելում է այն հրապարակումները, որոնք որևէ առնչություն ունեն սպիտակ ազգայնականության կամ անջատողականության հետ, հաղորդում է BBC-ն:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սպիտակ ռասսայի գերակայությունը գովերգող հրապարակումները սոցցանցում երկար ժամանակ է, ինչ արգելվում են, սակայն այդ եզրում նախկինում ներառված չէր սպիտակ ազգայնականություն հասկացությունը:
Փորձագետների հետ երեք ամիս տևած քննարկումներից հետո սոցցանցի ղեկավարությունը որոշել է, որ այդ հասկացությունները միմյանցից անբաժան են:
«Հետագայում մենք չեք հանդուրժի սպիտակ ազգայնականության և անջատողականության նկատմամբ աջակցության դրսևորում կամ դրական գնահատական: Ընդ որում, մարդիկ կարող են հետագայում էլ հպարտություն ցուցաբերել իրենց ազգային ժառանգության նկատմամբ»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Կարդացեք նաև
Նման քայլեր ընկերությունը որոշել է ձեռնարկել Նոր Զելանդիայում մարտի 15-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ զինված տղամարդը կրակ էր բացել երկու մզկիթներում, որի հետևանքով զոհվել էր 50 մարդ: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել էր 28-ամյա տղամարդու, որն Ավստրալիայի քաղաքացի է, և ահաբեկչությունից առաջ հրապարակել էր մանիֆեստ, որում զարգացնում էր «սպիտակ ցեղասպանության» գաղափարը:
Է՞լ ինչ է արգելել Facebook-ը
Հունվարին սոցցանցն արգելել է օտարերկրացիներին տեղադրել քաղաքական գովազդ այնպիսի երկրներում, որտեղ 2019թ. սպասվում են ընտրություններ: Այդպիսի երկրներ են, մասնավորապես, Ուկրաինան, Հնդկաստանը, Նիգերիան, ինչպես նաև ԵՄ-ը: Ընկերությունում պարզաբանել են, որ դա արվել է «օտարերկրյա ազդեցությունն ընտրողների վրա կանխելու» նպատակով:
Անցյալ տարվա դեկտեմբերին սոցցանցում արգելվեցին սեռական բնույթի նկարները, սեռական-սադրիչ բառապաշարը և սեքսով զբաղվելու բոլոր հնարավոր կոչերը, ինչպես նաև սեքս-զուգընկերներ փնտրելու որոնումը: Սոցցանցի ղեկավարությունը դա բացատրել է սեռական բռնության, սեքս-առևտրի և ոտնձգությունների դեմ պայքարի խստացմամբ:
2018թ.հունվարին Facebook-ն արգելեց կրիպտոարժույթների, տոկենների կամ բինարային օպցիոնների գովազդը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ