Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ ՀԱՊԿ-ում ձախողել ենք, ինչո՞վ ենք ձախողել, ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, այնտեղ հիմա մեր ձայնը լսելի է, մեր նկատմամբ հարգանքը մեծացել է». Վարչապետ

Մարտ 28,2019 15:02

Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն էր քննարկվում ԱԺ-ում: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում խոսեց օպտիմալացման մասին՝ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, նաեւ խոսեց այն մասին, որ հեղափոխությունից հետո թեեւ ակնկալվում էր, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն կլինի, բայց այդպես չեղավ. «Հայ-ռուսական հարաբերություններում շարունակվեց պահպանվել անվստահության մթնոլորտը, ասվածի վկայությունը՝ Հայաստանի համար սահմանին թանկացած գազն է, իսկ ԵԱՏՄ-ում մեր վարորդների վարորդական իրավունքների չճանաչելը: Ձախողել ենք ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մեզ պահելու հարցում»: Ըստ Բաբաջանյանի, ողջունելի են Իրան եւ Վրաստան կատարած վարչապետի այցերը, բայց այդպես էլ հարեւանների հետ չենք կարողանում մշակել ռազմավարական երկարաժամկետ ծրագրեր, տպավորություն է, որ այդ հարաբերությունները կառուցում ենք՝ իրավիճակային խնդիրներից ելնելով:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հարցրել էր՝ մարդիկ իրենց մաշկի վրա ե՞րբ են փոփոխությունը գալու:

Իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Օրինակ, հիմա 10 հազար բուժաշխատողների աշխատավարձը 35-40 տոկոս բարձրացել է, այս մարդիկ չե՞ն զգում իրենց մաշկի վրա: Կուտակային կենսաթոշակային համակարգում մեր արած փոփոխություններով 206 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է, շատ մեծ չի բարձրացել, բայց բարձրացել է: Եթե մենք աղքատություն ունեցող երկիր ենք, այդ մարդիկ չե՞ն զգում այդ բարձրացումը: 1000 դրամների հիմնադրամից մենք սկսում ենք ֆինանսավորել նոր ընտանիքների, զգո՞ւմ են, թե՞ չէ: 81 հազար նպաստառու, թոշակառու…Մարդը, ով չէր կարող շաքարավազ ներկրել, հիմա ներկրում, է փոփոխություն զգո՞ւմ է, թե՞ չէ»:

Ըստ Փաշինյանի, այն, որ սոցիալապես անապահովների համար գազի գնի փոփոխություն է տեղի ունեցել, դա պետք է զգային: Մարդիկ հիմա ստիպված չեն ամեն քայլի կաշառք տալ, որ ինչ-որ հարց լուծվի, ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է, դա մի՞թե շոշափելի փոփոխություն չէ:

Խոսելով Զավեն Գրիգորյանի խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց, որ համաձայն է, կրքերը պետք չի բորբոքել, բայց այնպես չէ, որ նա անտեսված է եղել: Վարչապետը նշեց, որ իրենց ընտանիքի ուշադրության կենտրոնում է նա եղել, վարչապետի հիմնադրամից 2 մլն ֆինանսավորում են տրամադրել. «Հարգելի Զավեն Գրիգորյանը պետությունից հիմա ակնկալում է փոխհատուցում, դա իրավական գործընթաց է: Ես չեմ ուզում որոշում կայացնեմ, որ փոխհատուցե՛ք Զավեն Գրիգորյանին: Բազմաթիվ մարդիկ կան, որ այդպիսի պահանջներ ունեն, պետք է իրավական լուծում տրվի: Դա նախադեպ կլինի, այլապես կստացվի, որ մեկի նկատմամբ համակրանք ունենք, իրեն փոխհատուցում ենք, մյուսին լավ չենք ճանաչում՝ չենք փոխհատուցում»:

Արման Բաբաջանյանի քննադատության մի մասը Փաշինյանն ընդունեց՝ դիվանագիտական կորպուսի աշխատանքի հետ կապված: Նա ասաց, որ հիմա դիվանագիտական համակարգի համար հեղափոխությունը շոկ է, որովհետեւ նախկինում գնացել քաղբանտարկյալ ունենալն է արդարացրել, ինչքան բացասական երեւույթներ եղել են՝ արդարացրել է: Վարչապետը նշեց, որ այն կարծիքին չէ, որ գերանդին պետք է առնել ու «հնձել»:

Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելով՝ Փաշինյանն ասաց, որ Ամերիկան հանդես է գալիս՝ որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, բայց հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին. «Ես Ամերիկայի գործիչներին էլ եմ ասել, ես համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը A կետից պետք է փոխարինենք B կետի: Երբ որ դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ում դուք ձախողել եք, ինչո՞վ ենք ձախողել: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետեւ այնտեղ հիմա մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, որ մեր նկատմամբ հարգանքը մեծացել է: Այդտեղ թե մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս՝ դա էլ է գնահատման չափանիշ: Ես չեմ կարող արգելել, որ դա վերցնի գնահատման չափանիշ, բայց ինձ համար չափանիշները այլ են»:

Բաբաջանյանը նաեւ Սիրիա ուղարկված առաքելությունից էր հարցրել: Փաշինյանն ասաց, որ եթե մեր բժիշկներն այնտեղ փրկել են մի մարդու կյանք, ով 1915-ին ցեղասպանությունից մազապուրծ, ում պապը մեր ցեղասպանությունից մազապուրծ մի հայրենակցի օգնել է, հաց է տվել ու ջուր, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Այսպէս խօսում է այն մարդը, որը Հանրապետական հրապարակով մէկ յայտարարել է, որ, եթէ ինքը չյաջողի, ժողովուրդը թող իրեն կախի հենց այդ հրապարակում։ Ինչ-որ մէկը, երբևէ յիշեցնելու է իրեն իր խօսքը, իսկ ինքը երբեք չի մոռանում դա (իդէպ, ես նոյնպէս, ի տարբերութիւն նրանց, որոնք լուրջ չեն ընդունում ոչ իրենց, ոչ իրենց երկիրը, ոչ այս մարդուն, ոչ նրա ասածները)։ Այնպէս որ նա իշխանութիւնը պահելու համար անելու է ամէն ինչ, ինչի ընդունակ է։ Որովհետև իշխանութիւնն իր կեանքն է, իր զաւակների ու ընտանիքի կեանքը։ Եթէ կարծում եք, որ նա թոյլ է տալու, որ ինչ-որ «արդար» ընտրութիւններ վերջ դնեն իր կեանքին, չարաչար սխալւում եք։

    Մոռացեք արդար ընտրութիւնները։ Ընտրութիւնները սրանից յետոյ լինելու են ճիշտ ինչ որ էին սովետի ժամանակներում։ Եթէ դուք համարում եք, որ դեկտեմբերի 9-ին արդար ընտրութիւններ տեղի ունեցան, ապա այս մի քանի բառը ձեզ չի ուղղւած։ Դուք կարող եք չկարդալ այս երկտողը։

    Բանտ նստած մարդ լինելու միտքը երբեք դուրս չի գալիս այս մարդու մտքից։ Այն, որ իրեն բանտ են դրել, նրան թշնամացրել է ոչ միայն Քոչարեանին, որին նա համարում է այդ արարմունքի հիմնական մեղաւորը (նրա բազմաթիւ այլ մեղքերի թւում՝ առաջին հերթին լտպ-ին ձախողման հասցնելու մեղքը), այլ ողջ հայ ժողովրդին, հասարակութեանը,՝ այն պատճառով, որ նախ, հայ ժողովուրդը, հասարակոութիւնը մերժեց լտպ-ին, որին ինքը համարում է մեծ քաղաքական գործիչ, մի իսկական լուսաստղ (սա ինքը չի ասել հրապարակաւ, բայց դա այն է, ինչ, համոզւած եմ, ինքը թաքուն մտածում է և ասում է միայն նեղ շրջապատին), մի մարդ, որը միակ ճիշտ ճանապարհն է նշել Հայաստանի համար (ինքն է ասել 2008-ի ընտրութիւններից առաջ Նւէր Մնացականեանին տւած հարցազրոյցիում)։ Նա չի ներում հայ ժողովուրդին, հասարակութեանը, որն իր նման փայլուն քաղաքական գործչին (իր թաքուն համոզմամբ) թոյլ է տւել բանտ նետել։ Այս մարդը դարձել է հայ ժողովրդի, հայ հասարակութեան երդւեալ թշնամի՝ սոցիօպաթ, այժմ և միշտ և յաւիտեանս։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031