Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատերազմ ոչ ոք չի ուզում, պատերազմը վերջին գործիքն է քաղաքական գործիչների և ազգերի զինանոցում». Անար Իբրահիմով

Մարտ 28,2019 14:45

«Ադրբեջանական հասարակությունն այս համատեքստում ունի միասնական մոտեցում: Սա այն միակ հարցն է, որի շուրջ համախմբված է ողջ ադրբեջանական հասարակությունը՝ քաղհասարակություն, ընդդիմություն, իշխանություն: Ադրբեջանական հասարակությունը սպասում է գրավյալ տարածքների դեօկուպացիայի: Այն տարածքների, որտեղ չի ապրել հայ բնակչություն: Մյուս կողմից ադրբեջանական հասարակությունը և քաղաքական  գործիչներն  ուշադիր հետևում են այն քննարկումներին, որոնք տեղի ունենում Հայաստանում: Ըստ էության մեծ սպասումներ չկան»,-Aravot.am-ի հարցին՝ այս օրերին Հայաստանում խաղաղության թեմայով բազում քննարկումներ են ընթանում, ադրբեջանական հասարակությունն ի՞նչ կարծիք ունի, ինչպե՞ս է տրամադրված այսպես պատասխանեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ալի մեջլիսի Մարդու իրավունքների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, CORLEAP բյուրոյի անդամ Անար Իբրահիմովը: Նա Հայաստան է եկել մասնակցելու «Տեղական իշխանություններ և  քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան «Բաց և կարողունակ միջավայրի ստեղծում քաղաքացիական մասնակցության, քաղհասարակության և տեղական ու ռեգիոնալ իշխանությունների գործողությունների համար», «Փոխգործացկության, սիներգիաների ստեղծման կարողությունների ամրապնդում և հստակ արդյունքների ստեղծում տեղական մակարդակում» խորագրերով քննարկումներ:

Համաժողովը կազմակերպում է Հայաստանի համայնքների միությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի, ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP), Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

Ըստ նրա՝ ադրբեջանական հասարակությունն առանց կոնկրետ քայլեր տեսնելու չի կարող ավելի իրատեսական տեսանկյունից մոտենալ խաղաղության  հարցին: Նա մանրամասնեց. «Մեր հասարակությունը սպասում է,  որ  խաղաղության գործընթաց կգնա, որին կհետևի օկուպացված տարածքների դեօկուպացումը և որի հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձն ու կապը: Եվ դրանից հետո արդեն կգա տեղական իշխանությունների գործունեության ժամանակը: Մենք այսօր ըստ էության չունենք սահման, այլ ունենք  շփման գիծ, ինչը մեզ ավելի շատ բաժանում է, քան մոտեցնում, և այս իրավիճակը չի նպաստում երկու հասարակությունների մերձեցմանը»:

Անար Իբրահիմովը վստահեցրեց՝  խաղաղության հաստատման դեպքում այս շփման գիծը կդառնա իսկական սահման, որը կմիավորի մարդկանց:

Մեր հստակեցմանը՝ կարո՞ղ ենք փաստել, որ ադրբեջանական հասարակությունը պատերազմ չի ուզում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պատերազմ ոչ ոք չի ուզում, պատերազմը վերջին գործիքն է, որը կա քաղաքական գործիչների և ազգերի զինանոցում: Ադրբեջանական հասարակությունը հոգնել է այս անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից: Եվ այս քսանհինգ տարիներն ըստ էության հասարակությունների համար կորած ժամանակահատված էին ինչպես բարոյական, այնպես էլ  ֆինանսական առումով: Ադրբեջանական հասարակությունն իմ տպավորությամբ միտված է խաղաղության և ցանկանում է  հակամարտության լուծում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Անար Իբրահիմովի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031