Երեկ խորհրդարանում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց թավշյա հեղափոխությունից հետո մարմնական վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի խնդրի մասին. «Զավեն Գրիգորյանը մեկ տարի առաջ՝ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերի կիրառած հատուկ ուժերի հետեւանքով ստացել է խիստ ծանր վնասվածներ, կորցրել է ամեն ինչ՝ իր աշխատանքային պայմանագրերը, հայտարարվել է սնանկ, մեկ տարի է` փորձում է վերականգնել իր առողջությունը։ Դիմել է իշխանության բոլոր կառույցներին, եւ, ըստ էության, որեւէ տեղից արձագանք չի ստացել»:
Այս հայտարարությունից հետո, պարզվում է, ֆեյքերի մի բանակ հարձակվել է Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջի վրա: Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում տիկին Զոհրաբյանը հայտարարեց. «Ընդամենը մտահոգությունը Զավեն Գրիգորյանի առողջության հետ կապված տոտալ քաղաքական «քննարկման» թեմա դարձավ ու ժանրի կանոնների համաձայն, իմ հայտարարությունից հետո սոցցանցերում հետեւեց 90 տոկոս ֆեյք, 10 տոկոս իրական օգտատեր գրոհը Նաիրա Զոհրաբյանի վրա: Պնդում եմ իմ հայտարարությունը, կրկնում եմ յուրաքանչյուր տողը եւ բառը: Չեմ հերքում, որ Արարատ Միրզոյանը, իմ հարգարժան գործընկերները դեպքից հետո այցելել են Զավենին: Իմ հայտարարությունը բացարձակ չէր հերքում, որ նախնական փուլում առողջապահության նախարարությունը, նաեւ իմ ահազանգից հետո օպերատիվ արձագանքեցին եւ Զավեն Գրիգորյանն այլեւս որեւէ խնդիր չունի, բայց խնդրում եմ ծանոթանալ Զավեն Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանի մանրամասն պարզաբանմանը, որն ուղղակի հաստատում է այս ամբիոնից իմ հնչեցրած յուրաքանչյուր բառը: Եթե փաստաբանն ասում է, որ Զավենից հիվանդանոցում պահանջում են գումար, իսկ նախարարն իր էջում հրապարակում է, որ ոչ, նման բան չկա, որովհետեւ ես նման հրաման չեմ տվել, ստիպված ենք լինում անել հետեւյալ արձանագրությունը՝ փաստաթղթերով մեզ մոտ ինչպես միշտ ամեն ինչ OK է, բայց իրականությունն այլ է»:
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ընդամենը մտահոգությունը չփորձել տեղափոխել քաղաքական դաշտ, ասելով, որ ի վերջո քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ոչ միայն բարեկրթության, այլ նաեւ քաղաքական հասունության նշան է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր դեմ հայտարարված հերթական պատերազմից հետո կհրապարակի Զավեն Գրիգորյանի գրառումը. «Նաիրա Զոհրաբյան, շնորհակալ եմ եւ ներեցեք բոլոր հիմարներին, ովքեր չեն սովորել բանավիճել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի