Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունները հետագա ընթացքը կախված է միջնորդների ջանքերից. «Կոմերսանտ»

Մարտ 28,2019 13:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վաղը բանակցություններ կվարեն, որոնք կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում նոր լարվածության  և կողմերի առավել կոշտ հայտարարությունների ֆոնին, գրում է «Կոմերսանտը»: Այսպես, Իլհամ Ալիևը կտրուկ քննադատության ենթարկեց Երևանին՝ կապված բանակցությունների ձևաչափը փոխելու Նիկոլ Փաշինյանի կոչի հետ: Բաքվում դա անվանում են «բանակցային գործընթացն արգելափակելու» փորձ: Սակայն Նիկոլ Փաշինյանը պնդում է. բանակցություններում փակուղին պայմանավորված է նրանով, որ Ստեփանակերտը դրանց չի մասնակցում: Այդպիսով, բանակցային գործընթացի ապագան կախված կլինի արտաքին միջնորդների կարողությունից՝ համոզելու կողմերին սկսել որոնել կարգավորման երկուստեք ընդունելի բանաձև:

Ուրբաթ նախատեսված հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կլինի արդեն այս տարվա մեջ երկու առաջնորդների երկրորդ շփումը հունվարի 22-ին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից հետո: Մոտ մեկուկես ժամ տևած նախորդ հանդիպումը ադրբեջանական կողմը որևէ կերպ չմեկնաբանեց: Իսկ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հայտնեց, որ Դավոսում իր հանդիպումն Ալիևի հետ, ինչպես և ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի և Դուշանբեի շփումները, «ոչ պաշտոնական հանդիպումներ էին ոչ պաշտոնական քննարկումներով»: «Ոչ մի որոշակի բան մենք չենք քննարկել»,- գրել էր Փաշինյանը՝ կոչ անելով «որոշակի քաղաքական ուժերին նպատակաուղղված հասարակության մեջ կասկածեր չսերմանել»:

Նույն բովանդակությամբ Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է նաև Իլհամ Ալիևի հետ իր առաջիկա սպասվող հանդիպման մասին: Նա կոչ է արել այն չհամարել լիաֆորմատ բանակցություններ՝ ակնարկելով, որ բանակցային գործընթացը սկսելու համար, ինչպես կարծում են Երևանում, դեռ նախադրյալներ չկան: «Նախնական փուլում այդ հանդիպումները չպետք է ունենան հստակ օրակարգ, անհրաժեշտ է հարցերի լայն շրջանակ: Մենք պետք է կարծիքներով փոխանակվենք տարբեր հարցերով»,- հայտարարել է Փաշինյանը:

Ուղիղ հարցին՝ արդյոք Վիեննայում կքննարկվի նրա գլխավոր նախաձեռնությունը՝ Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը ներգրավելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը դրական է պատասխանել:

Ալիև-Փաշինյան հանդիպումից առաջ կողմերը հայտնել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում նոր լարվածության մասին, չնայած ոչ այնքան լայնածավալ, որքան երեք տարի առաջ՝ 2016թ. ապրիլին:

Այս անգամ տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, ընդ որում, եղել են զոհեր: Թերթը մեջբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ մարտի 26-ին «հայկական կողմի սադրանքի» հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող:

Հակամարտության գծում լարվածության և Ստեփանակերտը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի հայտարարությունների ֆոնին հայտարարություն է արել Իլհամ Ալիևը: «Վերջին շրջանում Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Այդ փորձերն ուղղված են բանակային գործընթացի արգելափակմանը»,- ասել է նա:

Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք տարբեր կերպ են պատկերացնում ոչ միայն բանակցությունների ձևաչափը, որը փակուղի է մտել դեռ նախորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի օրոք, այլև տարբեր պատկերացումներ ունեն ապագա բանակցային գործընթացի տեմպերի մասին: Մինչ Նիկոլ Փաշինյանը չի շտապում և ընդգծում է, որ նախադրյալներ չկան երկխոսության վերսկսման համար, Իլհամ Ալիևը, ընդհակառակը, ակնարկում է. դադարը ձգձգվել է, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է պատրաստակամություն հայտնի վերսկսել երկխոսությունները Բաքվի հետ: Ընդ որում, ադրբեջանական կողմը պնդում է. այդ բանակցություններում երրորդն ավելորդ է:

«Այսօր հայկական կողմը ելնում է նրանից, որ Ղարաբաղը ոչ միայն տարածք է, այլև մարդիկ, որոնք այնտեղ ապրում են: Եվ ինչպես էլ որ զարգանա բանակցային գործընթացը, մարդիկ կհարցնեն իրենց ճակատագրի մասին: Դա չի նշանակում, որ հարցը հնարավոր է լուծել հենց այս հանդիպմանը, բայց այն դնել որպես նպատակ՝ անհրաժեշտ է, և Փաշինյանը դա անում է»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Ստեփանակերտից էլ թերթին ասել են, որ առաջընթաց հնարավոր է միայն բանակցային գործընթացում իր ներկայացուցիչներին ներգրավելու դեպքում: «Անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը բանակցությունների բոլոր փուլերում Արցախի մասնակցությամբ»,- ասել է ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Իր հերթին Բաքվի «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլղար Վելիզադեն համոզված է. Ստեփանակերտը բանակցություններում ներառելու հայտարարություններով Փաշինյանը փորձում է ձգել Երևանի համար հարմար ստատուս քվոն:

Բաքվում և Երևանում «Կոմերսանտի» զրուցակիցները միակարծիք են մի բանում. Վիեննայում բեկման սպասել պետք չէ, և Ղարաբաղի բանակցային գործընթացի ապագան կախված կլինի արտաքին միջնորդների ունակությունից՝ համոզելու կողմերին սկսել փնտրել երկուստեք ընդունելի ձևաչափ, եզրափակում է թերթը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031