«Ուսումնասիրությունն իրականացվում է, մասնագետներն աշխատում են, վերջում եզրակացություն կտան: Այս ամենը հարուցված քրեական գործի շրջանակում է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից հանքի շահագործումը դադարեցվել է, քանի որ միջազգային կազմակերպության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն է իրականացվում: Նախնական տվյալներով՝ արդյունքները պարզ կլինեն մայիսին:
Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Լիդիան»-ին առաջարկել են մասնակցել գործընթացին, սակայն վերջինս պատրաստակամություն չի հայտնել գործակցել կառավարության հետ. «Վարչապետն առաջարկել էր ուսումնասիրությունները համատեղ անել, բայց «Լիդիան»-ը բացասական պատասխան է տվել: Պատճառաբանել են, որ ունեն բոլոր լիցենզիաները եւ թույլտվությունները, բայց կարիք կա պարզաբանումներ տալու մեր իրականացվելիք փորձաքննության վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրում, որը եւս «Լիդիան Արմենիա»-ն է շահագործում, առաջիկայում աշխատուժի ներգրավման գործողություններ կսկսվեն: «Պոչամբարի պատվարի հետ կապված ռիսկեր կան, որոնք պետք է բացառվեն՝ մինչեւ գործունեության մեկնարկը»,-եզրափակեց Էրիկ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ