Լրահոս
Օրվա լրահոսը

Դուշանբեի վերելակից՝ Բրյուսելի դեմ առ դեմ

Մարտ 28,2019 14:00

Հարաբերական անդորրը, որը ձեւավորվել է Դուշանբեի «վերելակային հանդիպման» արդյունքում, հավերժ չէ, երերուն է

Մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել, հաղորդեց ՀՀ ՊՆ-ն։

Փաշինյան-Ալիեւ վաղը նախատեսված հանդիպումից առաջ Ադրբեջանն ակնհայտորեն փորձ է անում «շանտաժի» քաղաքականություն վարել՝ բանակցային գործընթացում «թելադրողի» դերում հայտնվելու նպատակով։ Պաշտոնական Բաքվի մարտավարական «տրյուկները», ինչպես ակնհայտորեն երեւում է, չեն փոխվել, եւ ինժեներական աշխատանքներ իրականացնելու հստակ քաղաքականությունը հարմար պահի սադրանքների դիմելու, սահմանային իրավիճակն էլ ավելի լարելուն ուղղված պահեստային տարբերակ է Բաքվի «զինանոցում»։

Իրականում, Վիեննայում անցկացվելիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումը դառնալու է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականության հարցում կարեւոր հանդիպում։ Դա լինելու է ամենավճռորոշը՝ հայկական կողմի սկզբունքայնությունը ցուցաբերելու հարցում։

Այդ հանդիպումը վտանգավոր է նաեւ նրանով, որ պաշտոնական Բաքուն իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալիս, իր համար ցանկալի պատասխաններ չստանալու դեպքում՝ ուղղակի կարող է պատերազմ սանձազերծել։ Նաեւ այս առումով է Վիեննայի հանդիպումը խիստ կարեւոր։

Հայկական կողմն էլ իր հերթին, ակնհայտորեն, ձգտում է բանակցային գործընթացում առաջատար դիրքերում՝ թելադրողի տեղը պահել։ Մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Նա պատասխանելով ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարեւան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ:

Մարտ 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը եւ զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը նշել է, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները։ Ըստ ՊՆ հաղորդագրության, Դավթյանը փաստել է, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված եւ ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը:

Նույն օրը նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է մասնակցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին, որտեղ, ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, նա հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ: Մնացականյանը ներկայացրել է՝ «հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, թեեւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է, սակայն պարզ է, որ հարաբերական անդորրը, որը ձեւավորվել է Դուշանբեի «վերելակային հանդիպման» արդյունքում, հավերժ չէ, երերուն է, ավելին՝ ցանկացած պահի այն կարող է ավարտվել ավելի խոշոր պայթյունով։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031