Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում». «Իմ քայլի» պատգամավորը զանգել է գյուղեր ու ճշտել՝ վարչապետի ասած դեֆիցիտը կա՞, թե՞ չկա

Մարտ 28,2019 13:12

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ կա ու հորդորել էր, որ երբ պարզեն, թե որտեղ կա կարտոֆիլի, գազարի պաշար՝ կզբաղվեն: «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լսելով նույն միտքը, որ երկրում կա դեֆիցիտ այդ ապրանքների, իր աղբյուրներով ճշտումներ է արել: ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողական զեկույցի քննարկման ժամանակ նա ասաց. «Դուք շեշտեցիք, որ երկրում կա որոշակի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ես զանգահարեցի Արթիկի շրջանի 5 համայնքներ եւ պարզեցի, որ այս պահին կա 2000 տոննա գազար, 1500 տոննա կարտոֆիլ, 630 տոննա բազուկ: Ընդամենը այս երեքն եմ պարզել: Եթե մենք խոսում ենք դեֆիցիտի մասին, ապա գյուղացիները տեղյակ չլինելով, որ կա պահանջարկ, իրենց ապրանքը տներում ուղղակի «վարի է գնում»:

Պատգամավորը հորդորեց իրազեկել գյուղացիներին, խնդիրներով զբաղվել. «Այս խնդրում պետք է կամ պետական մոտեցում, կամ ուղղակիորեն իրազեկման բարձրացում, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց ապրանքն ավելի վաղ իրացնեն»:

Վարչապետը պատասխանեց, որ ինքը խոսում էր ոչ թե երկրում դեֆիցիտի մասին, այլ արտերկրում դեֆիցիտի մասին, դրանք տարբեր բաներ են: «Ես ասում էի, որ պետք է խրախուսենք, որ արտահանման մեխանիզմներն աշխատեն: Ընկալման տարբերություն կա, թե կառավարությունն ինչ պետք է անի. պետք է վաճառի՞ գազարը, թե՞ պետք է աջակցի, որպեսզի գազարի վաճառքի եւ արտահանման մեխանիզմներ լինեն: Հիմա կառավարությունն այդ քաղաքականությունը վարում է: Օրինակ, ինչո՞ւ գյուղացիները չեն միավորվում եւ կոլեկտիվ տնտեսություններ չեն ձեւավորում, ինչո՞ւ իրենց ապրանքների վաճառքի եւ արտահանման համար կառավարման համակարգ չեն ձևավորում: Կառավարության խրախուսման մեթոդը ո՞րն է՝ առաջինը ուսուցանումն է, գիտելիքի եւ իմացության բարձրացումը, մենք ծրագրեր ենք իրականացնում, երկրորդը` հնարավորինս էժան ֆինանսական միջոցներ տրամադրելը, որ այդ մեխանիզմներն աշխատեն: Մենք այդ քաղաքականությունը վարում ենք: Կոլեկտիվ տնտեսություններին ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր են տրվում, քան անհատ գյուղացիական տնտեսություններին: Իհարկե, ձեր ասած հարցերով գյուղնախարարությունը, կառավարությունը կզբաղվի, բայց պետք է համատեղ աշխատանք: Արտահանողները հավաստիացնում են, որ կարող են տարեկան 100 հազար տոննա ձեր ասած ապրանքներն արտահանել, բայց դրա համար պետք է, որ այդ ապրանքը կուտակվի մի տեղ, որովհետեւ արտահանողը չի կարող գնալ եւ կիլո-կիլո գնել: Այս ծրագրերի վրա կաշխատենք: Ձեր ասած պրոբլեմը 20 տարի շարունակ կա, երբ որ գալիս է մի պահ, որ պարզվում է` բերքը չի իրացվել, գարունը եկել է, հին գազարը մնացել է, բայց նորը սկսում է հայտնվել շուկայում»:

Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց, որ մեծ քայլեր են պետք, պատրաստ են բոլորով աջակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031