Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես չէ, որ ուսանողների փոխարեն գիտական աշխատանքներ գրելը բոլորովին նոր երևույթ է. «168 ժամ»

Մարտ 28,2019 13:05

Այնպես չէ, որ ուսանողների փոխարեն գիտական աշխատանքներ գրելը բոլորովին նոր երևույթ է։ Դա շատ սահմանափակ ձևով եղել է նաև նախկինում։ Բայց հիմա գովազդի, սոցիալական ցանցերի, տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ՝ հնարավոր է դարձել այդ ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով ուսանողների համար։

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փոփոխությունն այս պահին ենթադրում է միայն գովազդի արգելում։ Հասկանալի է, որ գովազդի արգելումը խնդիրը հիմնովին չի լուծի։ Բայց հենց գովազդն է այս ծառայությունը դարձրել այդքան ցանկալի, քանի որ գովազդներում օգտագործվում են էմոցիոնալ, մանիպուլյատիվ միջոցներ։

Օրինակ՝ Ռուսաստանում նմանատիպ գործունեություն ծավալող մի ընկերություն իր գովազդը կառուցում է հետևյալ տեքստի վրա. «Գիտական աշխատանքներ գրելը դժվար է ու ժամանակատար։ Մենք առաջարկում ենք այդ աշխատանքն անելու կարճ ճանապարհ մատչելի գնով»։Նման գովազդը ուսանողին հստակ ասում է, որ երկար-բարակ չարչարվելու փոխարեն մեզ վճարիր ու հանգիստ ապրիր։ Ի դեպ, այս ուղերձն իր մեջ պարունակում է կրթությունն ու գիտությունը կազմաքանդող բովանդակություն։ Բանն այն է, որ սովորելը, գիտական աշխատանք անելը բարդ աշխատանք է։ Բայց դա մարդու և մարդկության զարգացման լավագույն ձևն է։ Մարդկության բոլոր կարևոր ձեռքբերումներն արձանագրվել են դժվարություններ հաղթահարելու, տևական աշխատանքի արդյունքում։ Երբ մենք գովազդի միջոցով կոչ ենք անում խուսափել դժվարություններից, ժամանակատար աշխատանքներից, դրանով մենք մարդկությանը տանում ենք դեպի մտավոր ծուլություն՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

Իսկ սա հատված է Հայաստանում գործող ընկերություններից մեկի գովազդից. «Մեզ համար անիրագործելի առաջադրանք չկա։ Յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում։ Անվերապահորեն հաշվի ենք առնում պատվիրատուի բոլոր ցանկություններն ու առաջադրված ժամկետները։ Մեր փորձառու մենեջերները կտրամադրեն Ձեզ ծառայություններին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Մենք սիրում ենք մեր աշխատանքը և ապահովում ենք յուրաքանչյուր պատվերի գերազանց կատարումը»։

Որպեսզի այս խնդիրը հիմնարար լուծում ստանա, մենք պետք է նաև զարգացնենք օտար լեզուների ուսուցումը։ Հայաստանում մասնագիտական գրականության զգալի մասը ռուսերենով է կամ անգլերենով։ Բայց այսօր ուսանողների զգալի մասը դժվարանում է մասնագիտական գրքեր կարդալ ռուսերենով և անգլերենով։ Հետևաբար՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատերը չեն կարող ինքնուրույն գիտական աշխատանք գրել։ Իրավիճակը կարող է բարելավվել, եթե ռեսուրսներ հատկացվեն մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու նպատակի համար։ Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար թե մոտակայում այդ նպատակի համար շոշափելի գումարներ հատկացվեն։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031