Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական որոշման արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց զորամասն ինքնակամ լքելու համար. «Ժողովուրդ»

Մարտ 28,2019 12:56

Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը։ Այնուհետեւ նրանք երթ էին արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին, խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է։

Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Մեղրիում տեղակայված Զինված ուժերի զորամասերից մեկում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել, քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է՝ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով) եւ ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով)։

Իհարկե, կրկին արձանագրենք, որ որեւէ մեկը չի արդարացնում զորամասում առկա իրավիճակը, եւ եւս մեկ անգամ շեշտում ենք, որ զինվորներն ու զինծառայողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն։ Բայց հարկ է նաեւ հիշել 2018 թվականի հեղափոխության օրերը, մասնավորապես՝ ապրիլի 23-ը, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքել էին զորամասը։ Այսինքն՝ նրանք եւս արել են այն նույն արարքը, ինչ Մեղրիի զինծառայողները։ Եվ այդ օրերին էլ ՀՀ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելով. «ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երեւան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը, եւ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները»։

Սակայն նախարարության հայտարարությունը մնաց միայն քամու դաշտում, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը մատը մատին չտվեց, եւ քաղաքական որոշման արդյունքում որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց զորամասն ինքնակամ լքելու համար։ Ավելին, հեղափոխությունից հետո ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանը նոր՝ ավելի բարձր պաշտոն ստացավ՝ նշանակվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ։ ՝

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031