Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարչապետին իր մտահոգությունները ներկայացրեց Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի հետ կապված, որը օրերս վավերացվեց ԱԺ-ում:
Ըստ այդ համաձայնագրի, Իրանից կներմուծենք էժան լոլիկ, կարտոֆիլ, վարունգ ու կարտահանենք հանքային ջուր, տրիկոտաժ, տավարի միս:
Ստեփանյանն ասաց, որ կասկածներ կան, որ ռիսկեր կլինեն. «Կա՞ն հաշվարկներ, թե, օրինակ, ի՞նչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից գա Հայաստան ու կուզենայի ձեզանից լսել՝ այս համաձայնագիրը շահավե՞տ է տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից»:
Վարչապետը պատասխանեց. «Երբ ասում ենք ազատ առեւտրի համաձայնագիր, այդ համաձայնագիրը ոչ միայն նրա մասին է, որ Իրանից պետք է ներմուծեն Հայաստան, այլ նրա մասին է, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ 3 մլն-անոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 մլն շուկայի հետ եւ մեր մոտ առաջին ռեակցիան հետեւյալն է՝ իսկ կարո՞ղ է մեր մոտ կարտոֆիլ բերեն, մեր կարտոֆիլի գինն էժանանա: Տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել ու մեր մտածողությունը մնում է այն, որ մենք պետք է կարտոֆիլը պարկերով տանենք Կոմիտասի պողոտայի վրա ու վաճառենք: Սա մեր ամենամեծ պրոբլեմն է: 70 մլն շուկան մեզ համար բացում ենք, ասում ենք՝ վայ, մեր 3 մլն-անոց շուկան կարո՞ղ է գրավեն: Բա եթե չաշխատենք՝ կգրավեն»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ համաձայնագիրը բխում է ՀՀ շահերից ու դա հաստատել է ԱԺ-ն՝ վավերացնելով. «Եկեք փակենք մեր բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվի մեր երկրի բոլոր պաշարները»,- կատակեց Փաշինյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ