Ոչ վաղ անցյալում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց որոշ կարևոր ապրանքային շուկաներում գերիշխողների դիրքերի թուլացման մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր այնպիսի հայտնի ընկերություններին, ինչպիսին են՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը», Միհրան Պողոսյանի «Քեթրին գրուպը» և Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը»։ Հանձնաժողովի դիտարկումներով՝ շաքարավազի, բանանի, ալյուրի, վառելանյութի շուկաներում ավելացել է մասնակիցների քանակը՝ հանգեցնելով գերիշխող տնտեսվարողների մասնաբաժնի նվազեցման։ Մասնավորապես՝ շաքարավազի շուկայում մասնակիցների թիվը հասել է 75-ի, բանանի շուկայում՝ 28-ի, ալյուրի շուկայում՝ 171-ի, իսկ վառելանյութի շուկայում՝ 6-ի։ Արդյունքում՝ ասենք շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս Հոլդինգի» տեսակարար կշիռը, ըստ Հանձնաժողովի, այս տարվա փետրվարին կազմել է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95 տոկոսի դիմաց։
Որ «Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի շուկայում նվազել է, գուցե և իրականում այդպես է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ պակասել է Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը։ Հատկապես որ, անցած տարվա վերջին «Ալեքս Հոլդինգի» մասնաբաժինը դեռևս բավական մեծ էր՝ այն հասնում էր 92 տոկոսի։
Դժվար է հավատալ, որ նման կարճ ժամանակահատվածում Հայաստանի շաքարավազի շուկայի «արքան» կարող էր այդքան հեշտ ու հանգիստ ձեռքից բաց թողնել շահութաբեր բիզնեսը՝ շուկայում իր մասնակցությունը միանգամից նվազեցնելով 14 տոկոսով։ Այլ հարց է, որ գուցե կրճատվել է «Ալեքս Հոլդինգի՞», բայց ոչ՝ Սամվել Ալեքսանյանի մասնակցությունը։
Սրանք բոլորովին տարբեր հասկացություններ են։ Բազմաթիվ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող այս գործարարը ժամանակին բավական լավ յուրացրել է մենաշնորհային դաշտում խաղալու հմտությունները՝ երբեմն-երբեմն վերանայելով իրեն պատկանող ընկերությունների անունները։
Կարդացեք նաև
Դրանցից հերթականը ծնվեց անմիջապես հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո։ Խոսքն «Ալեքս ընդ Հոլդինգի» մասին է։ Արդեն անցած տարի այն հասցրեց բավական լուրջ տեղ զբաղեցնել առանձին ապրանքների ներմուծման շուկայում։ Գործելով ընդամենը 7 ամիս, այս ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ ձևավորեց ավելի քան 2,8 մլրդ դրամի պարտավորություն, որից 2,5 միլիարդը՝ ներմուծման հաշվին։
«Ալեքս ընդ Հոլդինգի» ստեղծմամբ Սամվել Ալեքսանյանը կիսեց իր մասնակցությունը կարագի շուկայում։ Մի կողմից՝ շուկան արտաքուստ համալրվեց նոր խաղացողով, մյուս կողմից՝ նվազեց գերիշխողի մասնաբաժինը։ Այլ հարց է, թե այս փոփոխությունից ի՞նչ շահեց շուկան, կամ ընդհանրապես շահե՞ց, թե՞ ոչ։
Չի բացառվում, որ հիմա էլ Ս.Ալեքսանյանը որոշել է ի հաշիվ նորաբաց «Ալեքս ընդ Հոլդինգի»՝ նվազեցնել «Ալեքս Հոլդինգի» մասնակցությունը շաքարավազի, ինչո՞ւ չէ, նաև այլ շուկաներում՝ տպավորություն ստեղծելով, որ կորցրել է դիրքերը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում