Նախօրեին տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես իր խոսքում նշեց, որ չի պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որի իրականացման համար ՀՀ կառավարությունը գումար չգտնի։Վարչապետը հորդորեց գիտնականներին՝ ձեւակերպել իրենց խնդիրները, իսկ փողը կգտնեն։ Վարչապետի ելույթից հետո զրուցեցինք ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, վարչապետն ասաց, որ այսօր մեր խնդիրն այն է, որ գիտության ոլորտում ձեւակերպված չեն խնդիրները, եւ պետք է ճշտել, թե ինչ է ուզում գիտությունը պետությունից, պետությունն էլ՝ գիտությունից։ Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ։
– Ընդհանուր գծերով համաձայն եմ հարցադրման հետ, բայց գիտությունն ունի խնդիրներ, որոնց նպատակն ինքը՝ գիտությունն է, սա չի կարելի արհամարհել, եւ խնդիրներ, որոնց մասին ակնարկվեց, եւ որոնք կարող են գործնական արդյունք ցույց տալ Աստված գիտի երբ։ Ես կարող եմ ամենադասական օրինակը բերել, սրանից 2500 տարի առաջ Պյութագորասը որոշեց, որ աշխարհի, տիեզերքի հիմքում թիվն է, թվային են բոլոր հարաբերությունները, ո՞վ հասկացավ, թե ինչ ասաց Պյութագորասը, նրան դրա համար վճարեցի՞ն, ի՞նչ ստացավ դրանից, եւ ի՞նչ արժեր նրա այդ խոսքը, բայց թե ինչ արժեր նրա այդ խոսքը, երեւում է արդեն 21-րդ դարում՝ թվային եւ բարձր տեխնոլոգիաների դարում։
– Հիմա էլ է ամեն ինչ թվերի շուրջ պտտվում, եւ վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ տնտեսական բաղադրիչը շատ կարեւոր է գիտական արտադրանքի մեջ։ Ստացվում է, որ գիտության մշակները մի կողմից պետք է լուծեն խնդիրներ, որոնց նպատակը բուն գիտությունն է, մյուս կողմից այդ գիտական արտադրանքն ինտեգրեն տնտեսությանը, ռազմարդյունաբերությանը։
Կարդացեք նաև
– Ես համաձայն եմ այն խոսքի հետ, որ «փող» բառը քիչ գործածենք, բայց խնդիրն այն է, որ գիտությունը միայն տնտեսության եւ արտադրության հետ ունեցած հարաբերությամբ չի որոշվում, գիտությունը վերաբերում է նաեւ հասարակության ընդհանուր մտավոր, հոգեւոր զարգացմանը։ Ակադեմիայի նախագահի զեկուցման մեջ մի փաստ հնչեց, որ 500 հոգի են դասախոսական աշխատանքով զբաղված, ինչը շատ քիչ է։ Իմ կարծիքով, պակասավոր է այն գիտաշխատողի գիտությունը, որը դաս չի տալիս, եւ պակասավոր է այն դասախոսը, որը գիտական աշխատանքով չի զբաղվում, սա լուրջ հարց է։ Գիտության եւ կրթության ամբողջացման, միասնականացման մասին շատ է խոսվում, սա ընդհանուր հարցադրում է, բայց ես կասեմ ուրիշ բան. պետք է ակադեմիական գիտաշխատողի առջեւ, նրա գիտական պլանների մեջ դրվի նաեւ տարվա մեջ այսքան ժամ դասախոսության պահանջը։
Իմ կարծիքով, գիտությունների դոկտորն առնվազն 2 ժամ շաբաթվա մեջ ուսանողական լսարան պետք է մտնի, եթե նա այնտեղ ասելիք ու անելիք չունի, նրա գիտությունը, ներեցեք, ինձ պետք չէ։ Կա եւ ուրիշ խնդիր, որը վերաբերում է ավելի շատ հումանիտար գիտություններին՝ գրականագիտություն, արվեստագիտություն, լեզվաբանություն, սա նույնպես իր տեղը պետք է ունենա հասարակության մեջ։ Գիտության արդյունքները պե՞տք է ինչ-որ կերպ մասսայականացվեն, հասարակությունը պե՞տք է տեղյակ լինի, թե ինչ է արվում, թե՞ ոչ, մարդիկ պետք է կարողանան հետաքրքիր խոսել իրենց առարկայի մասին, սրա մասին է խոսքը, որպեսզի հասարակությունը զգա գիտության մարդու ներկայությունը։ Իրականում, այսօր մեր հասարակությունը շատ է իջել, եթե համեմատենք խորհրդային ժամանակի հետ, կա ճաշակի ու նաեւ մտավոր անկում, իսկ այստեղ մենք՝ գիտության մարդիկ, անելիք ունենք։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում