Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո որեւէ փոփոխություն չի լինելու ՊՆ ռազմավարությունում։
– Պարոն Բալայան, տեղեկություններ են շրջանառվում, որ օպերատիվ շտաբի հավաքը կապված է մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպման հետ։ Որքանո՞վ են իրատեսական այս տեղեկությունները։
– Բացարձակ կապ չունի։ Դրանք տարեկան օպերատիվ հավաքներ են, որոնք տարիներ շարունակ պլանավորվում են։ Ընդհանուր դա Զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառում է, եւ որեւիցե կերպ կապել Ալիեւ-Փաշինյան հանդիպման հետ սխալ կլինի։ Բայց նաեւ չեմ ուզում բացառել, որ քննարկումների ընթացքում հնարավոր է շոշափվեն նաեւ այդ հարցերը, քանի որ բավականին հետաքրքիր քննարկումներ են լինում։
– Օրերս Մեղրիի զորամասում տեղի ունեցավ աղմկալի իրադարձություն։ Տեղեկություններ կան, որ որոշում է կայացվել, որ զինծառայողներին պատժելու համար պետք է նրանց առաջնագիծ ուղարկել։ Արդյոք առաջնագիծ ուղարկելը պատի՞ժ է։
Կարդացեք նաև
– Ո՞վ է նման կարծիք հայտնել, ծնողների մասի՞ն է խոսքը։ Ինձ թվում է՝ դա պարզապես սուբյեկտիվ շահարկում է, որովհետեւ որեւէ կերպ չեմ կարող պատկերացնել մեր մնացած զինծառայողներին, որոնք ծառայում են առաջնագծում. ինչու նրանք պատժվա՞ծ են։ Ո՛չ։ Դա ծառայության կարգ է եւ ամբողջությամբ տեղավորվում է այն իրավահարաբերությունների մեջ, որոնց շրջանում գործում են Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը։ Առաջնագծում ծառայելը առաջին հերթին պատվաբեր է, օրենքով սահմանված որոշակի արտոնություններ ունենք հենց առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող, զորացրված զինծառայողների համար։ Դա պատվաբեր է, ոչ թե պատիժ։ Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ. պետք է արժեւորվի այն զինծառայողը, որը առաջնագծում է ծառայում, եւ դա որպես պատիժ մեկնաբանել, գտնում եմ, անընդունելի է։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում