ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թեև Փաշինյանն ու Ալիևն արդեն առիթ ունեցել են հանդիպել և ծանոթանալ միմյանց Մոսկվայում, ապա Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, իսկ այս տարվա հունվարին նաև Դավոսում, սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հիմնականում հանդիպում են կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, կա՛մ ՄԽ համանախագահող երկրների առաջնորդների միջնորդությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների հստակ ժամանակագրություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Որպես հատկապես 1990-ականների և 2000-ականների հանդիպումների ժամանակագրությունը կազմելու աղբյուր՝ կարող են օգտագործվել ԵԱՀԿ մամուլի հաղորդագրություններն ու հայտարարությունները, քանի որ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտությունում միջնորդական առաքելություն է իրականացնում 1992 թվականից։ Ուշագրավ է, որ ԵԱՀԿ նման հայտարարություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի միջև կայացած ընդամենը մեկ հանդիպման մասին է նշվում, որը տեղի է ունեցել 1996 թվականին Լյուքսեմբուրգում։
Ըստ ԵԱՀԿ հայտարարությունների և մամուլի հաղորդագրությունների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այսպես, 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպել են 6 անգամ, ընդ որում՝ ապրիլ և օգոստոսին ամիսներին նրանց միջև կայացել է երկուական հանդիպում։ Այս հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում, Վաշինգթոնում, Ժնևում, Յալթայում և Նախիջևանի սահմանամերձ Սարդարակ գյուղում։
Կարդացեք նաև
2000 թվականին ևս Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 6 հանդիպում է տեղի ունեցել՝ Մոսկվայում, Դավոսում, Նյու Յորքում և Մինսկում։ 2001 թվականին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները մեկնարկել են տարվա սկզբից Փարիզում՝ հունվարին և մարտին, ապա շարունակվել ապրիլին Քի Վեսթում։ Եվս մեկ հանդիպում 2001 թվականին տեղի է ունեցել օգոստոսին Սոչիում։
Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս շրջանի հանդիպումների նման ինտենսիվությունը պայմանավորված էր հենց Քի Վեսթի բանակցություններով, և ԵԱՀԿ միջնորդական ջանքերի արդյունքում կայացած այս հանդիպումների նպատակը հենց քիվեսթյան բանակցություններում համաձայնության հասնելն էր։ Ինչպես գիտենք, դա տեղի չունեցավ, և հետագայում կողմերը հրաժարվեցին քիվեսթյան բանակցությունների սկզբունքներից, իսկ ՀՀ և Ադրբեջանի առաջին դեմքերի հանդիպումների հաճախակիությունը նվազեց՝ պայմանավորված նաև երկու երկրներում սպասվող նախագահական ընտրություններով:
2002 թվականին Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպել են ընդամենը մեկ անգամ, որից հետո բանակցությունները տեղի են ունեցել 2003-ին Քոչարյանի և Ադրբեջանի արդեն հաջորդ նախագահի՝ Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևի հետ։ 2004 թվականին Քոչարյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են երկու անգամ, 2006-ին՝ երեք անգամ։ Քոչարյան-Իլհամ Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2007 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում։
2008 թվականին Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին հաջորդում է Սերժ Սարգսյանը: Նրա և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ 2008-ի ընթացքում Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են նաև հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում, և նոյեմբերին՝ Մոսկվայում։ Ավելի ինտենսիվ բանակցություններ տեղի են ունեցել արդեն 2009 թվականի ընթացքում․ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնևում և Մյունխենում։ 2010 թվականին տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև երեք հանդիպում ևս՝ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում և Աստանայում։
Ինչպես և Քի Վեսթի բանակցությունների դեպքում, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների շփումներն ինտենսիվացել էին կարևոր իրադարձության՝ Կազանում 2011-ին տեղի ունեցած բանակցություններից առաջ, երբ սպասվում էր, որ կողմերի միջև կարող է համաձայնագիր կնքվել։ 2011 թվականին, մինչև Կազանի բանակցությունները, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին նաև Սոչիում։
Կազանում, սակայն, որևէ համաձայնության գալ չի ստացվում, և ըստ այդմ, նվազում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ինտենսիվությունը։ Այսպես, Սարգսյանն ու Ալիևը 2012-ի ընթացքում հանդիպել են ընդամենը մեկ անգամ՝ Սոչիում, 2013-ին՝ Վիեննայում։ Որոշակի աշխուժություն է նկատվում 2014-ին, երբ երեք հանդիպում է տեղի ունենում օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, համապատասխանաբար, Սոչիում, Նյուփորթում և Փարիզում։ 2015 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը Բեռնում։
Ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը երկու կարևոր հանդիպումներ են ունեցել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որոնց ընթացքում ձեռք են բերվել հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածություններ։ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին Ժնևում, որից հետո երկու երկրների միջև բանակցությունները, մեծ հաշվով, գտնվել են սառեցված վիճակում՝ պայմանավորված նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։
Ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակագրության վերաբերյալ համառոտ ակնարկը՝ կարող ենք արձանագրել, որ երկրների միջև բանակցությունները մինչ այս ակտիվացել և իրենց պիկին են հասել Քի Վեսթի և Կազանի բանակցություններից առաջ, որոնց արդյունքում, սակայն, հնարավոր չի եղել հասնել համաձայնության, և բանակցային գործընթացը սառեցվել է։
ՀՀ նոր իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի որդեգրած դիրքորոշումը՝ բանակցային սեղանին Արցախի վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ, կարող է որոշակի փոփոխություններ մտցնել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, սակայն մինչ այդ պետք է փաստել, որ Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության հավանականությունը քիչ է, և ինչպես նախկինում, այս դեպքում ևս պաշտոնական բանակցություններից առաջ Ադրբեջանը կրկին սրում է լարվածությունը հակամարտության շփման գծում և Հայաստանի սահմանին։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»