Կառավարության ծրագրի կատարողական զեկույցը ԱԺ-ում շարունակվում է քննարկվել: Նախորդ օրը նիստն ընդհատվել էր հարց տալու փուլում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ կառավարության ծրագրում գրված էր, որ հեղափոխական տեմպերով պետք է զարգացվեն տեխնոլոգիաների ճյուղն ու գյուղատնտեսությունը: Բայց կատարողականում էական առաջընթաց չկա, թեեւ դժվար է պատկերացնել, որ տասը ամսում տնտեսական լուրջ խնդիրներ կլուծվեն:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իսկապես 10 ամսում դժվար է դա, առավել եւս, երբ վարչապետի 5 ընտրություն է եղել նախորդ տարի, երկրում 3 վարչապետ է փոխվել, տեղի են ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ, հեղափոխություն. «Ի հեճուկս շատ շատերի, հեղափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է պահպանել կայունությունը, ապահովել տնտեսական աճ, ապահովել Երրորդ Հանրապետության պատմության ամենաազատ, ամենաթափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին ճանաչվել են միջազգայնորեն: Այո, այդ ընթացքում տեղի է ունեցել գյուղատնտեսության անկում, որը կապված է եղել վնասատուների հետ, սխալ պլանավորման, ստվերային այգիների գոյության հետ: Կներեք, նույնիսկ հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը երբեմն քիչ է լինում: Ես հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում, մյուս տարվա սկզբին»:
Ըստ Խաչատրյանի, եթե մենք ուզում ենք ունենալ այնպիսի փոփոխություններ, որոնք չենք ունեցել, ուրեմն պիտի անենք քայլեր, որոն չենք արել: Նա հորդորեց համարձակ քայլերի գնալ, միայն սուբսիդավորման ծրագրով արդյունավետություն, ըստ նրա, չի ակնկալվում:
Վարչապետը պատասխանեց. «Ձեր առաջարկած տրամաբանությունը հետեւյալն է, որ կառավարությունը գյուղում պետք է անի այս, այս քայլերը: Մեր տրամաբանությունը այն է, որ զուտ կառավարության որոշմամբ գյուղը տեղից չէր շարժվի, պետք է գյուղացիները ներգրավեն, ցանկանան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ