Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզաբանումների» հանդիպում

Մարտ 28,2019 10:00

Վաղը Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Հայկական կողմից ասվում է, որ հանդիպումը նվիրված է լինելու Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում) եւ ղարաբաղյան կարգավորման 6 տարրերի պարզաբանմանը:

Հիշեցնենք այն «տարրը», որը մեր հասարակության կողմից խիստ բացասաբար է ընկալվում: Մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որում վերահաստատում են, որ բանակցությունները պետք է ընթանան «մադրիդյան սկզբունքների» 6 տարրերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների` Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձի: Հասկանալու համար՝ կա՞ արդյոք այդ «էլեմենտի» շուրջ պարզաբանելու խնդիր, մեջբերեմ բնագրի ձեւակերպումը՝ «return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control»: Անկեղծ ասած, չգիտեմ, թե այս ձեւակերպումն ինչ հստակեցում է պահանջում, բայց գուցե դիվանագետներն այստեղ ինչ-որ չբացահայտված երանգներ են տեսնում:

Ինչ մնում է բանակցությունների ձեւաչափին (բանակցություններում Արցախի մասնակցությանը), որը Հայաստանի նոր կառավարության ռազմավարության հիմնաքարն է, ապա այդ թեմային նույն հայտարարության մեջ համանախագահներն անդրադարձել են հետեւյալ պարբերության մեջ. «կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

Ձեւաչափի մասին բնագրի լեզվով ասված է՝ «demanding unilateral changes to the format without agreement of the other party»: Այդ ձեւակերպումից Ադրբեջանը հետեւություն է անում, համանախագահները դեմ են ձեւաչափի փոփոխությունը:Մինչդեռ հասարակ տրամաբանությունը հուշում է, որ նրանց համոզմամբ, ձեւաչափը պետք է հաստատվի երկու կողմերի համաձայնությամբ: Այստեղ նույնպես, կարծես թե, հավելյալ պարզաբանումների կարիքը չկա. մենք ուզում ենք փոխել ներկայիս ձեւաչափը, ավելի ճիշտ՝ վերադառնալ նախկին «մինչքոչարյանական» ձեւաչափին, Ադրբեջանը դրան դեմ է: Հետեւաբար, այս հարցում նույնպես դժվար է որեւէ առաջընթաց ակնկալել:

Այնուամենայնիվ, բանակցությունները պետք է շարունակել: Ինչպես գտնել «շփման եզրեր» ադրբեջանական կողմի հետ, առայժմ հայտնի չէ: Բայց ակնհայտ է, որ առավելապաշտական, ծայրահեղական պահանջները, «ազգային-հայրենասիրական» զեղումները ոչ մի օգուտ չեն բերի ոչ մեզ, ոչ ադրբեջանցիներին: Եվ այս առումով մեր դիրքորոշումն ավելի շահեկան է՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է հաշվի նստել Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերի, ձգտումների հետ: Իլհամ Ալիեւը, որքան հասկանում եմ, ցանկանում է հաշվի նստել միայն «միջազգային իրավունքի» հետ՝ վերջինս ձեւախեղելով իր ամբիցիաներին համապատասխան: Վերադարձնել Ադրբեջանին կառուցողական դաշտ՝ դա, իհարկե, բարդագույն խնդիր է: Գուցե Վիեննայի հանդիպումը դրան նպաստի՞:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ի՞նչն է մեզ խանգարում մշակել արժեքների սեփական համակարգը եւ աշխարհին ներկայանալ ու շփվել այլ երկրների հետ մեր ստեղծած արժեհամակարգի տեսանկյունից’ անկախ դիմացինի մեզ բարեկամ թե թշնամի լինելուց: Մենք ո՞ր սկզբունքների պաշտպանության համար ենք պատրաստ պատերազմ հայտարարել բարեկամին կամ էլ հանուն այդ սկզբունքների բարեկամանալ թշնամու հետ, մենք այն ենք,ինչ մեր իրական գործող սկզբունքներն են: Մենք որպես պետություն պետք է պաշտպանենք մեր սկզբունքները աշխարհի բոլոր անխտիր պետություններում, անկախ նրանց հզորությունից կամ մեզ բարեկամ լինելու հանգամանքից, մենք պետք է հսկայական միջոցներ ծախսենք այդ սկզբունքների պահպանության ու պաշտպանության համար մեր երկրի ներսում ու մեր երկրից դուրս: Իսկական հայն ազնվական է, այսինքն’ ինքն իր սկզբունքների համար կռվող զինվոր, նմանապես մեր պետությունը նույնպես իր սկզբունքների համար կռիվ տվող պետություն պետք է դառնա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031