«Որքան էլ մարազմատիկ է հնչում, Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, մինչդեռ պետական տոները պետք է միավորող լինեն, պատմության փորձություն անցնեն: Ինչպես չէր կարելի հետհեղափոխական էյֆորիայում ընտրություններ կազմակերպել, այդպես էլ չի կարելի հետհեղափոխական էյֆորիայում հեղափոխության օրերի կամ հիշատակի օրերի հետ կապված տոներ սահմանել:
Նման փորձ պատմությունն ունի՝ Ֆրանսիական հեղափոխությունը, Մեծ Հոկտեմբերյան կոչվածը … ինչ տոն էլ մտցրել են, ոչինչ չի մնացել: Ֆրանսիական հեղափոխական տոնացույցից ավելի հեղափոխական տոնացույց չի եղել՝ մարդկության պատմության մեջ, ինչ մնաց դրանից, բացի Բաստիլի գրավման օրվանից»,- Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնության մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա զավեշտալի որակեց այն, որ տոնը շրջիկ է լինելու. «Եկեղեցական օրացույցների նման մի հատ էլ հեղափոխական օրացույց ստեղծե՞նք, որ տեսնենք Զատիկը երբ է, սուրբ Սարգիսը երբ է ու Քաղաքացու օրը ե՞րբ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ