Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հասկանում եմ այն պատասխանատվությունը, որ Փաշինյանն այսօր կրում է իր ուսերին՝ Ղարաբաղի, Հայաստանի ժողովրդի համար, ողջ հայության համար

Մարտ 28,2019 00:02

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ ակնկալիքներ կան Փաշինյան-Ալիեւ առաջիկա այցից՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Եթե պարզ մարդկային լեզվով խոսենք, ակնկալիքները հստակ են՝ եթե Նիկոլ Փաշինյանին այս տասն ամիսների դեգերումների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր բանաձեւ, նոր օրակարգ փնտրելու ընթացքում չի հաջողվել ավելի լավ հեծանիվ հորինել, ապա եղած հեծանիվը պետք չի քանդել:

Այդ եղած հեծանիվին պետք է կպցնել Վիենայի, Ժնեւի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Սա նվազագույն ծրագիրն է, իսկ առավելագույնը մաղթում եմ Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն իր ազդարարած քաղաքական ուղենիշի՝ Արցախը բանակցային սեղանին հենց այս փուլում վերադարձնելու գործում, որովհետեւ, ինչպես միշտ նշել եմ՝ Լեռնային Ղարաբաղը Կազանից սկսած պետք է միանար խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման պրոցեսներին եւ արարողությանը: Մյուս կարեւոր սպասելիքն այն է, որ բանակցությունները պետք է շարունակել: Այդ բանակցությունների օրակարգի վրա պետք է աշխատել, նահանջել չի կարելի»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ անկախ իրենց ունեցած քաղաքական տարաձայնություններից՝ ինքն առաջարկել է վարչապետին Արցախյան հարցում կարծիքների ու քննարկումների մեկտեղում: Նրա խոսքերով, այլ ընդդիմադիր ուժեր էլ պատրաստ կլինեն այդ մեկտեղման պրոցեսին. «Մեկտեղում, սակայն, չի նշանակում, որ բոլորս պետք է Նիկոլ Փաշինյանի ձայնով խոսենք,մեկտեղում նշանակում է, որ մեր քաղաքական տարաձայնություններից զատ՝ պետք է գտնենք այն շրջանակը,որը մեզ միավորում է ավելի, քան այն հարցերը, որ մեզ տարանջատում են:

Հետեւաբար՝ կարեւոր ակնկալիքը՝ բանակցություններ լինեն, իսկ եթե դրանք տապալվեն, դրանց տապալման մեղքը չվերագրվի Հայաստանի Հանրապետությանը: Սա շատ կարեւոր ուղերձ է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կունենա այդ իմաստությունը, որպեսզի այս բոլոր հիմնարար սկզբունքների մեջ գտնի ճիշտ բառապաշար: Բոլոր դեպքերում սա իրենց առաջին պաշտոնական հանդիպումն է: Ես մեկ անգամ ասել եմ, ուզում եմ կրկնել՝ սա սիլի-բիլիների հանդիպում չի լինելու»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով. «Սա արդեն ամերիկյան ֆիլմերի նման է լինելու՝ ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ, հետեւաբար այս գիտակցումը շատ-շատ կարեւոր է: Ես հասկանում եմ այն պատասխանատվությունը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կրում է իր ուսերին՝ Ղարաբաղի, Հայաստանի ժողովրդի համար, ողջ հայության համար: Այդ պատասխանատվությունը կրելու միայնակության սինդրոմը ինքը պետք է հաղթահարի:

Իր ասուլիսին՝ կարծես ինքը մի փոքր սառույց կոտրեց: Ասաց պետք լինի, անգամ առաջին եւ երրորդ նախագահներից հանդիպում կխնդրի, կխոսի: Կարծում եմ՝ այս մոտեցումները չպետք է լինեն զուտ PR տեխնոլոգիաներ, այլ պետք է հասկանալ, որ նման հարցերը համազգային նշանակություն ունեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031