Երեւանը ավտոմեքենաներից բեռնաթափելու եւ ավտոկայանատեղերի կարգավորելու հարցը, եթե չասենք օրհասական է, ապա հրատապ է: Վերգետնյա, թե՝ ստորգետնյա կլինեն այդ կայանատեղերը, վճարովի, թե՝ անվճար, այդ խնդիրը պետք է քաղաքային իշխանությունը լուծի՝ հանրային շահերից ելնելով՝ հանրային քննարկումներով:
Մեքենաներն այնքան շատ են, որ կենտրոնում կայանելու համար ազատ տեղ գտնելը, հատկապես «պիկ ժամերին», վարորդների համար բախտավորություն է: Բայց մեքենաներն արդեն մայթերն ու կանգառներն են զավթել: Մեքենաները կայանում են աշխատավայրին կամ ասենք՝ անհրաժեշտ վայրին հնարավորինս մոտ, ավելի հեռու՝ շատերը չեն ուզում, գուցե ալարում են, իսկ եթե փորձում են բնակելի շենքերի բակերում կայանել, հանդիպում են արգելքի՝ կենտրոնի գրեթե բոլոր բակերը «շլագբաունով» «պաշտպանված» են:
Ընդ որում, դատելով, թե ինչ խախտումներով եւ որտեղ են կայանում վարորդները, կարելի ասել՝ «առյուծի կաթ են խմել», ճանապարհային ոստիկանությունից չեն էլ վախենում: Այնպես չէ, որ ճանապարհային ոստիկանությունն էլ ընկած անթույլատրելի վայրերում կայանած մեքենաները «հավաքում» տանում է տուգանային հրապարակ: Ճանապարհային ոստիկանները մայթերն ու կանգառները գրաված մեքենաներին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, շատ հաճախ անտարբեր են լինում:
Կարդացեք նաև
Լուսանկարներում՝ Արշակունյաց եւ Արամի փողոցներն են: Արշակունյացի կանգառներից մեկը վերածվել է կայանատեղիի: Քաղաքացիները ոչ կանգնելու տեղ ունեն, եւ ոչ էլ հնարավորություն հասարակական տրանսպորտը կանգնեցնելու, վարորդներն էլ, եթե կանգնում են՝ ստիպված երկրորդ գծի վրա կամ դրան մոտ, ու վթարային իրավիճակ ստեղծում:
Կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից հատվածում էլ, ավելի կոնկրետ՝ Արամ Մանուկյանի արձանի հարեւանությամբ մեքենաները կայանում են հետիոտների համար նախատեսված մայթին, ու հետիոտների համար քայլելու ազատ տարածք էլ չեն թողնում: Նշված վայրերում ամեն օր է այս իրավիճակը, ու ամենուր է այս վիճակը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
27.03.2019