Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվ ռազմական գործողություններ ուշ թե շուտ լինելու են»

Մարտ 28,2019 12:30

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ 24news-ի եթերում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա (մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքո)՝ հրաժարվելով Մադրիդյան սկզբունքներից:
Այս եւ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող այլ հարցերի մասին զրուցել ենք ազգային անվտանգության մասնագետ Դավիթ Թորոսյանի հետ:

– Ձեզ համար ընդունելի՞ է մանդատային տարածքի գաղափարը: Նախկինում նման նախադեպ եղե՞լ է:

– Նախկինում Արցախը երբեք չի հանդիսացել մանդատային տարածք, եւ ես չեմ ողջունում առաջ քաշված մոդելը, որովհետեւ այն ունի մի շարք թերություններ եւ մեր շահերից չբխող ձեւակերպումներ, որոնք կթուլացնեն մեր դիրքերը։ Ես առհասարակ կողմ եմ վերամիավորման գաղափարին. թե ինչ ուղիով եւ միջոցներով, դա արդեն այլ քննարկման առարկա է։

– Արցախի Հանրապետության խորհրդարանական ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության համար, բացի ՀՀ-ից՝ Արցախի ենթակայությունն այլ պետության անընդունելի է: Ի՞նչ կասեք Արցախի՝ Հայաստանի մանդատային տարածք համարվելու գաղափարի մասին:

– ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի բնակչության անվտանգության երաշխավորն է, եւ մենք ինչ ձեւակերպմամբ կամ հնչեղ անունով էլ երեւույթը կոչենք, դրանից իրերի տրամաբանությունն ամեն դեպքում չի փոխվում։ Առհասարակ ի՞նչ է նշանակում հայրենիքի մի հատվածի նկատմամբ «խնամակալությունը»՝ որպես մանդատային տարածք։

– Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Ինչքանո՞վ է դա արդարացված Ձեզ համար:

– Ինչպես արդեն մեկ անգամ նշել եմ Հանրային ռադիոյի եթերից, երբ մենք խոսում ենք Հայաստանի ազգային անվտանգության մասին, մենք ուզենք, թե ոչ, խոսում ենք նաեւ Արցախից, եւ այդ համատեքստում շատ բնական է այն, ինչ կատարվել եւ կատարվում է։ Եվ չնայած Արցախում անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստն է, սակայն ամենատարբեր ձեւաչափերով, գրեթե միշտ Արցախից ներկայացուցիչներ մասնակցել են անվտանգության խորհրդի աշխատանքներին։ Սա թե՛ աշխատանքային ամենասովորական գործընթաց է, թե՛ հստակ մեսիջ արտաքին աշխարհին եւ միանշանակ նման նախաձեռնություններն արդարացված են ու ողջունելի։

– Բայց ի՞նչ եք կարծում, ի վերջո ի՞նչ հստակ նպատակ ուներ այդ համատեղ նիստը:

– Նիստը հերթական էր, չնայած համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ, եւ փաստացի մեր պատասխանը հնչեց Արցախից՝ չնայած մինչ այդ արդեն իսկ ԱԳՆ խոսնակի հնչեցրած մեկնաբանությանը։ Կարծում եմ՝ սա առավելապես ուղղված էր անվտանգության խորհուրդների աշխատանքների ներդաշնակմանը, ուսանելի փորձի փոխանակմանը եւ օրգանական կապի բարելավմանը։

– Ի՞նչ եք կարծում, ընդունելի՞ է խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախի սահմանին:

– Առհասարակ խաղաղապահ ուժերը (բազմազգ) դիտարկվում են անվտանգային երաշխիքների համատեքստում, սակայն դա գործնականորեն կիրառելի չէ, քանի որ, որքան էլ տավտալոգիկ հնչի, խաղաղապահ առաքելությունները միտված են խաղաղության պահպանմանը, իսկ մենք դժվար թե մոտ ապագայում ունենանք խաղաղություն, եւ մեկ ակնթարթ ենթադրենք, որ այդ ամենից հետո, երբ խաղաղապահները տեղակայվեն սահմանին, գեղեցիկ, փայլփլուն հանդերձանքներով, եւ օրինակ՝ ճակատի մի հատվածում, կամ ամբողջ ճակատով սկսվի բացահայտ հարձակում, ինչ է, խաղաղապահ ուժերը մտնելո՞ւ են մարտական գործողությունների մեջ, աբսուրդ է։ Թող ինձ «ներեն» կեղծ խաղաղապաշտները, սակայն չեմ պատկերացնում, ասենք, Եղնիկներում կամ Ջրականում (նախկին Ջեբրայիլ) ազերիների դեմ մարտնչող տաջիկ, ուզբեկ, բելառուս կամ այլազգի խաղաղապահի։

– Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ է Ղարաբաղյան բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը: Ի՞նչ եք կարծում՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը կարելի՞ է ձեւաչափի փոփոխություն համարել:

– Անկախ ֆորմատից, միեւնույն է՝ Արցախը թեկուզ անուղղակի կամ ոչ ուղիղ ներգրավված է բանակցություններին, քանի որ համանախագահներն այցելում են Ստեփանակերտ այնպես, ինչպես Բաքու եւ Երեւան։ Եվ եթե անգամ հիմա Արցախը որպես ուղղակի բանակցային կողմ հանդես չգա բանակցությունների այս փուլում, այնուամենայնիվ՝ ինչ-որ փուլից, անկախ ադրբեջնական կողմի ցանկությունից, վերադառնալու է, քանի որ անհեռանկար զբաղմունք է ցանկանալ լուծել կոնֆլիկը, առանց կոնֆլիկտ հանդիսացող սուբյեկտի մասնակցության։

– Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, եւ որ իրենք հիմա զբաղված են բանակաշինությամբ. շարունակում են զարգացնել իրենց ռազմական ներուժը: Ըստ Ձեզ, կա՞ պատերազմի վերսկսման վտանգ:

– Լայնամասշտաբ պատերազմի կամ տեղամասային ուժեղ էսկալացիայի վտանգ առկա է մշտապես, եւ որքան էլ տագնապալից հնչի առաջին հայացքից, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ակտիվ մարտական գործողությունների վերսկսմանը՝ բոլոր իմաստներով. ռազմական կարողությունների, զինատեսակների, հասարակական տրամադրությունների, հոգեբանական, տեղեկատվական, քաղաքացիական պաշտպանության, պահեստազորի մոբիլ ներգրավման եւ մի շարք այլ ուղղություններով։ Այո, Ալիեւը անկեղծ է իր խոսքերում, որ զբաղված են բանակաշինությամբ եւ զարգացնում են իրենց ռազմական ներուժը, որքան էլ որոշ շերտեր այսօր այդ ամենը չեն ուզում տեսնել Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես 2018թ. ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին սահմանային կուտակումները։ Իսկ Ադրբեջանի «պատմական տարածքների» վերաբերյալ հայտարարությունների մասին ավելի լավ է չխոսել. մենք ավելի լուրջ ու կարեւոր խնդիրներ ունենք անվտանգային համակարգում, որոնց մասին կարելի է եւ պետք է խոսել։

– ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքներից հրաժարումը վիժեցում է, որը կբերի պատերազմի: Ի՞նչ կասեք Դուք այդ մասին:

– Այս առումով ես գուցե հոռետես եմ, սակայն կարծում եմ, որ եթե ոչ լայնամասշտաբ կամ երկարաժամկետ, ապա ակտիվ ռազմական գործողություններ ուշ թե շուտ լինելու են, եւ խնդիրը կարճ ժամանակում դրան լավագույնս պատրաստվելու մեջ է, եւ որ կողմը առավել արդյունավետ կօգտագործի այս ժամանակը, հօգուտ նրա էլ կհանգուցալուծվի այս հարցը, եւ գուցե հերթական անգամ հայկական բանակը ապացուցի խաղաղություն պարտադրողի իր կարգավիճակը։

– Ի վերջո ո՞րն է Ձեր տեսլականը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար:

– Արցախի եւ ՀՀ անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են, առավելապես ի դեմս հայկական բանակի. դասագրքային ճշմարտություն է, որ ուժը միշտ ծնում է իրավունք, եւ եթե, օրինակ, մի օր հայկական բանակն ի վիճակի չլինի պաշտպանել մեր սահմանները, մեկ տարի անց ոչ ոք չի հիշի, որ Արցախը ինքնորոշվել էր ԽՍՀՄ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իսկ Ադրբեջանը վարում էր ագրեսիվ, ռազմաշունչ քաղաքականություն։ Մի կողմ թողնենք հույզերը. Արցախի հարցը լուծվելու է միայն հզոր բանակի, սոցիալ-քաղաքական կայունության ու դիվանագիտական տաժանակիր ու անխոնջ աշխատանքի համադրության միջոցով։

Զրուցեց ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

27.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031