Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիայի վարչապետը հրաժարական տալու պատրաստակամություն է հայտնել

Մարտ 27,2019 23:42

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր Պահպանողական կուսակցության պատգամավորներին խոստացել է, որ հրաժարական կտա, եթե խորհրդարանն այնուամենայնիվ, ընդունի Եվրամիությունից դուրս գալու՝ երկու անգամ տապալված համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն:

«Ես պատրաստ եմ այս պաշտոնը թողնել ավելի վաղ, քան նախատեսում էի… Ես բոլորին այս դահլիճում խնդրում եմ պաշտպանել համաձայնագիրը, որպեսզի մենք այդպիսով կարողանանք կատարել մեր պատմական պարտքը, կատարել բրիտանացի ժողովրդի որոշումը և կազմակերպված և սահուն դուրս գանք Եվրամիությունից»,- ասել է Մեյը իր կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը:

Հանդիպման մասնակիցները լրագրողների հետ զրույցում ենթադրել են, որ Մեյի առաջարկի էությունը հետևյալն է. խորհրդարանն այս շաբաթ կհաստատի համաձայնագիրը, որով Բրիտանիան մայիսի 22-ին դուրս կգա ԵՄ-ից: Թերեզա Մեյն անմիջապես հրաժարական կտա, և կսկսվի նոր վարչապետի ընտրության գործընթաց:

Հենց այդ վարչապետն էլ կզբաղվի ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների մասին բանակցություններով, որոնք, ըստ համաձայնագրի, կշարունակվեն մինչև 2020թ. վերջ:

Հայտնի չէ, սակայն, արդյոք Մեյին կհաջողվի համոզել բավարար թվով պատգամավորների: Վերջին անգամ՝ մարտի 12-ին, համաձայնագիրը մերժվել է ձայների մեծամասնությամբ (149 ձայն), այսինքն Մեյին անհրաժեշտ է իր կողմը գրավել Համայնքների պալատի 75 և ավելի պատգամավորների:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031