Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Անկախ իմ, կուսակիցներիս հանդեպ քաղաքական հետապնդումներից, շահագրգիռ եմ, որ կառավարությունը հաջողի»

Մարտ 27,2019 23:29

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Օրբելի» կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ հետեւել է «Նորավանք» հիմնադրամի լուծարմանը, իսկ «Օրբելի» կենտրոնի ստեղծումը փորձում են ներկայացնել որպես վերջինիս շարունակություն: Ասաց նաեւ, որ «Օրբելի» կենտրոնի բացմանը հավանաբար իրեն հրավիրել են այն հանգամանքից ելնելով, քանի որ ինքը այն գործիչների թվում է, որը մամուլ է կարդում՝ ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան, նաեւ հետազոտական աշխատանքով է զբաղված «Լույս» հիմնադրամում:

«Անշնորհակալ եւ անհյուրընկալ չթվալու համար «Օրբելի» կենտրոնին մաղթում եմ հաջողություն: Շատ կարեւոր է, որ պետությունն ունենա իր տեսլականը սնող հետազոտական, վերլուծական կենտրոններ: Բոլոր երկրներում կան այդպիսի կենտրոններ: Մեզ համար այդպիսի կենտրոն էր «Նորավանքը», որը տարբեր պատճառներով լուծարվեց:

Հուսամ՝ նոր կենտրոնը կշարունակի պետական ռազմավարական հետազոտությունները: Ուրախ եմ, որ ՊՈԱԿ-ը, որը թեպետ վարչապետի աշխատակազմին կից է եւ շատ երկար ժամանակ ասոցացվում էր բացառապես ներքաղաքական ագիտացիայի եւ պրոպագանդայի հետ, նաեւ նման հարցերով է զբաղվելու, որոնք ոչ թե օրվա վարչապետին են սպասարկելու, այլ պետության շահը:

Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ նման կենտրոններն ունենան մտածողության ազատություն: Հուսով եմ, որ այս կենտրոնը հասարակությանը պետք է տա ակադեմիական մտածելակերպի ազատության մեջ՝ ինտելեկտուալ պրոդուկտ, այն ինչ-որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնում էր ամբիոնից, ասում էր՝ փողը չի խնդիրը, գաղափարն է»,-ասաց նա:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

Արմեն Աշոտյանը ներկա իշխանությունների ու նախկինների համեմատությանն էլ անդրադարձավ:

«Նախկին իշխանությունների հետ համեմատվելու ավանդույթը գործող իշխանությունների կողմից՝ քաղաքական առումով սպառված հնարք է:

Նախկին իշխանությունների բազմաթիվ հաջողության պատմություններ այսօր նստած են այս կառավարության վստահության հիմքում: Օրինակ, երբ վարչապետը գնում է Բրյուսել եւ Եվրոխորհրդարանից սկսած մինչեւ Եվրահանձնաժողով, իր բացառիկ միակ ինստիտուցիոնալ խոսելու թեման Հայաստան-Եվրոմիություն նոր համապարփակ համաձայնագիրն է, չմոռանանք, որ այդ համաձայնագիրը բանակցվել եւ իրականացվել է մեր իշխանության օրոք: Կարող եմ այս ցանկը շարունակել»,-շեշտեց ՀՀԿ փոխնախագահը:

Ապա հավելեց. «Որպես երկրի քաղաքացի, անկախ իմ եւ կուսակիցներիս, շրջապատիս հանդեպ քաղաքական հետապնդումներից, այն արշավանքներից, որ կազմակերպել են նախկինում եւ այսօր էլ, ու դեռ դրանց պոստշոկային էֆեկտները կան, անկախ ատելության այն մթնոլորտից, որ երկրում շատ ուժեղ էր եւ հիմա էլ դեռ մնացել է, շահագրգիռ եմ, որ ցանկացած կառավարություն իմ երկրում հաջողի: Բայց այդ հաջողության գինը չպետք վճարեն քաղաքական այլախոհները, ընդդիմությունը, ազատ մամուլը, մարդիկ, որոնք խիզախություն ունեն բարձրաձայնելու սեփական տեսակետները, որոնք կարող են չհամընկնել Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ: Հետեւաբար, լինելով այս միջոցառմանն ուզում եմ հիմնական շեշտը դնել դրա վրա՝ ինտելեկտուալ եւ քաղաքական միտքը պետք է ազատ լինի»:

Նա հավելեց նաեւ, որ «Օրբելի» կենտրոնի հետ համագործակցության հնարավորություն է տեսնում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031