Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանը վերջապես խիզախաբար ասաց, որ այդ ամենն իր քաղաքական որոշումն է՝ «պատվերը»

Մարտ 27,2019 22:41

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացման շնորհանդեսին հրավիրված էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Լրագրողների հետաքրքրությանը՝ արդյոք հրավեր ունի, նա պատասխանեց, որ ինքը հարգում է տարրական բարեկրթության կանոնները, եւ երբեք առանց հրավերի որեւէ տեղ չի գնում:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թ բյուջեն իննսուն միլիոն դոլարով ավելանալու է, Արմեն Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի այսօրվա խորհրդարանական հերթական մարաթոնն այնքան լի էր բազում մեկնաբանելի, քննարկելի, քննադատելի եւ տարակուսելի հատվածներով, մտքերով ու պոռթկումներով, որ դրանց նվիրել առանձին հարցազրույց անշնորհակալ գործ է»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին՝ որպես ԿԳ նախարար ինչպես է վերաբերվում ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Երեւանի պետական համալսարանը դեգրադացիա եւ հետընթաց է ապրել, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես պաշտոնանկությունից՝ 2016 թ.-ից հետո ձգտել եմ կրթության ոլորտի մասին հանրային ելույթներ չունենալ՝ ելնելով մի շատ կարեւոր հանգամանքից: Կարծել եմ, որ դա խանգարելու է աշխատել գործող նախարարներին: Բայց քանի որ քաղաքական իրավիճակ է փոխվել, երբեմն այդ կանոնը խախտում եմ: Հարցին կպատասխանեմ ոչ թե կրթության բուն խնդիր, այլ ԵՊՀ-ի շուրջ ձեւավորված այն անառողջ ոստիկանապետական երեւույթների հետ կապված, որոնց ականատեսը եղել ենք իշխանափոխության առաջին օրերից, բայց փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին: Օրեր առաջ նա վերցրեց քաղաքական պատասխանատվությունն իր վրա, այն քաղաքական պատասխանատվությունը, որը ենթադրում է Հայաստանում ակադեմիական ազատությունների եւ բուհական ինքնակառավարման ոչնչացում, այն քաղաքական պատասխանատվության, որը ենթադրում է Հայաստանում իրավապահ եւ վերահսկող մարմինների ուղղորդված քաղաքական որոշումներով գործողություններ հրահրելու փորձ: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ելույթով Արամ Սիմոնյանը արդարացվեց, արդարացվեց բոլոր այն վերագրվող մեղադրանքներից, որոնք շաղկապվում էին վերահսկողական ծառայության, ուսանողական դժգոհությունների հետ: Նիկոլ Փաշինյանը վերջապես խիզախաբար ասաց, որ այդ ամենն իր քաղաքական որոշումն է՝ «պատվերը»:

Ինչ վերաբերվում է կրթության որակին, ԿԳ նախկին նախարարը նշեց, որ դրա մասին կարելի է երկար խոսել, նաեւ փաստեց. «Այսօր էլ ԵՊՀ-ն ՀՀ լավագույն բարձրագույն կրթական հաստատությունն է, եթե կան դժգոհություններ կրթության որակի հետ կապված, ապա դրանք բացարձակ կապ չունեն Արամ Սիմոնյանին ենթադրաբար վերագրվող դուռ փակելու մեղքերի հետ, որովհետեւ որեւէ աղերս կրթության որակը, հետազոտական աշխատանքների ծավալը, բուհական ինքնակառավարումը դուռ փակել-բացելու արարողության հետ կապ չունեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031