Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Մեր բոլոր խնդիրների լուծումը մտավոր ոլորտի է». (Ֆոտոշարք)

Մարտ 27,2019 22:07

«Մեր բոլոր խնդիրների լուծումը մտավոր ոլորտի է, առաջին հերթին ինտելեկտուալ խնդիր է»,- մարտի 27-ին կայացած «Օրբելի» վերլուծական կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ձեւակերպմամբ, մեզանից որեւէ մեկը չի կարող որեւէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ եւ առաջ այնտեղ չի գտնվել մտովի: «Յուրաքանչյուր անհատի, կառավարության, ինստիտուտի խնդիրն է գիտակցել սեփական գործողությունները, դրանք, այս է պատճառը, որ որոշել ենք ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձեւակերպվում՝ այն պետք է ընդարձակի այն մտավոր տարածքը, որում գործում ենք մենք, ՀՀ կառավարությունը, իշխանությունը»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թեկուզ կենտրոնը կառավարության ՊՈԱԿ-ում է, սակայն դա չի նշանակում, որ դա է միակ աղբյուրը՝ ինտելեկտուալ արտադրանքի. «Մենք պատրաստվում ենք համագործակցության կամուրջներ ունենալ վերլուծական այլ կենտրոնների, այդ թվում՝ մասնավոր կենտրոնների հետ»: Նրա խոսքերով, իշխանությունը երկրում առկա խնդիրների օրակարգի շուրջ պետք է համախմբի երկրի մտավոր ներուժը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունեց կենտրոնի ստեղծումը: Նա «կիսվեց» նաեւ իր փորձառությամբ: Նախագահը համագործակցություն առաջարկեց «Օրբելի» կենտրոնի հետ, ասաց, որ այն խոստումնալից սկիզբ ու պարտադրող անուն ունի, քանի որ կրում է ականավոր գիտնական Հովսեփ Օրբելու անունը: «Ես եւ նախագահի աշխատակազմը պատրաստ ենք ձեզ հետ «կիսվել» կապերով, երկարամյա փորձառությամբ»,-շեշտեց Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահը փաստեց, որ բոլոր երկրներում կան ուղեղային կենտրոններ, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում դրանց թիվը 2000-ից ավել է: Ինչ վերաբերվում է «Օրբելի» կենտրոնին, Արմեն Սարգսյանի խոսքերով, նրա հաջողության համար կարեւոր են երեք սկզբունք՝ ժողովրդավար լինելը, պետության կողմից ստեղծված լինելով հանդերձ՝ ազատ ու անկախ գործելը: Արմեն Սարգսյանը պատմական էքսկուրս կատարեց մինչեւ Ալեքսանդր Մեծ, որը նույնպես նման փիլիսոփայական դպրոց է անցել ժամանակին:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

«Օրբելի» կենտրոնն ունի 5 բաժին՝ քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն, միջազգային, տարածաշրջանային: Կենտրոնի կայքում արդեն զետեղված են փորձագետների վերլուծությունները: Այստեղ են աշխատում նաեւ «Նորավանք» կենտրոնի փորձագետները:

ՀՀ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար, «Օրբելի» կենտրոնի հիմնադիր Հովհաննես Մովսիսյանի խոսքերով, «Օրբելի» վերլուծական կենտրոնը հավակնում է լուրջ հարթակ դառնալ հայ մասնագետների համար: Ստեղծման աշխատանքները սկսել են անցյալ տարվա հուլիսից, իսկ դեկտեմբերին արդեն գործարկվել է կենտրոնի կայքը:

Նա հայտնեց, որ մարտի 28-ին կկայանա կենտրոնի առաջին միջոցառումը՝ «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովը: Հավելեց, որ աշխարհի տարբեր ծայրերից հրավիրել են հեղինակավոր փորձագետների: «Սա լրացուցիչ հարթակ է, որ հայ փորձագետները շփվեն իրենց արտասահմանցի գործընկերների հետ, տարբեր փոխանակումներ կայանան: Փորձելու ենք Հայաստանն ավելի ներկայանալի դարձնել աշխարհին, միավորել Հայաստանում եղած գիտական միտքը, մարդկային ռեսուրսը՝ երկրի զարգացման համար»,-ասաց Հովհաննես Մովսիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031