«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին`հանդիպման խնդրանքով, որի ընթացքում կոմիտեի անդամները վարչապետին պետք է ներկայացնեին հարցի կարգավորման իրավական փաթեթը:
Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց կազմկոմիտեի համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը դրական էր արձագանքել`ասելով, որ հանդիպումը պետք է կայանա, մինչեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր առաջիկա հանդիպումը, որը, ինչպես արդեն հայտնի է, կայանալու է մարտ 29-ին, Վիեննայում:
«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի անդամների հետ երեկ ուշ երեկոյան նախատեսված հանդիպումը, սակայն, չի կայացել: Արամ Սարգսյանը դա բացատրում է Նիկոլ Փաշինյանի, հավանաբար, շատ զբաղված լինելու հանգամանքով: Ինչեւէ, Aravot.am-ի հետ զրույցում, Արամ Սարգսյանը որոշ մանրամասներ հրապարակեց, թե ի՞նչ էին իրենք պատրաստվում ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, մանավանդ, որ վերջինս քանիցս հայտարարել է`ինքը հարցի մանրամասներին`բոլոր նրբերանգներով ծանոթանալու խնդիր ունի եւ Ալիեւի հետ եղած ու նախատեսվող հանդիպումները նույնպես այդ նպատակին են միտված: «Հաշվի առնելով, որ առնվազն 25 է հարցի բանակցային գործընթացն ընթանում է քաղաքական տիրույթում, այդ ընթացքում եղել են «Փաթեթային», «Փուլային», «Ընդհանուր պետություն», «Պրահայի սկզբունքներ», «Մադրիդյան սկզբունքներ», «Կազանի փաստաթուղթ» եւ այլն, որոնք միտված են եղել կողմերին հաշտեցնելու եւ որեւէ հաջողության չեն հասել, բանակցությունները փակուղի են մտել Ադրբեջանի, մեղմ ասած ոչ կառուցողական կեցվածքի պատճառով, մենք ասում ենք`չենք մերժում ցեղասպան գործողություններ կատարող պետության հետ բանակցությունների վարումից`հանուն խաղաղության, բայց առաջարկում ենք փորձ անել`իրավական դաշտ տեղափոխել բանակցությունները: Առավել եւս, որ վերջերս Ադրբեջանը շատ է սիրում խոսել միջազգային իրավունքի նորմերի մասին: Միգուցե իրավական հարթության վրա հաջողվի՞ ինչ-որ ձեւով համաձայնության գալ»,- ասում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, ապրիլի 3-ին, լրանում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին ԽՍՀՄ-ում ընդունված օրենքի հերթական տարին: Այդ օրենքում, Արամ Սարգսյանը հավաստիացնում է` հստակ է գրված`մարզը կամ ինքնավար միավորները ինչպիսի իրավունքներ ունեին, ինչպես կարող էին դա օգտագործել: «ԼՂՀ-ն այն ժամանակ, դա հիանալի է օգտագործել, իրավական տեսանկյունից`անթերի»,- ասում է մեր զրուցակիցը: Կազմկոմիտեում համոզված են`մի օր անպայմանորեն պետք է իրավունքի հարթությունից խոսենք եւ իրավաբանորեն, որեւէ հիմք չկա`Արցախի հանրապետության, օրինական տարբերակով ձեւավորված կարգավիճակը, կասկածի տակ դնելու: «Կա մի հանգամանք, որը Ադրբեջանը մինչ օրս չի օգտագործել`Արցախի հանրապետության հռչակումը պետք է միջազգային դատարանում վիճարկեր: Չի վիճարկել, փորձել է պատերազմով իրեն ենթարկեցնել`չի հաջողել»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տեսանկյունից էին ցանկանում հարստացնել Նիկոլ Փաշինյանի փաստարկների բազան: Իրենց փաթեթը բավական ծավալուն է:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանին ներկայացվող հարցերի երկրորդ խումբը վերաբերվում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության պահպանման եւ ամրապնդման հարցերին`գլոբալ գործընթացների համատեքստում: Մեր զրուցակիցն ասաց`դրանք հրապարակային ներկայացման հարցեր չեն:
Ի դեպ, երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մոտ փորձագիտական հանդիպում է եղել: «Ի պաշտպանություն Արցախի» կազմկոմիտեի անդամները չեն հրավիրվել այդ հանդիպմանը: Արամ Սարգսյանն ասում է`գոնե զարմանք պետք է արտահայտի այդ առիթով. «Որովհետեւ, բոլորը տեղյակ են, որ 22 տարի առաջ ձեւավորված կազմկոմիտեն մեծագույն լումա ունի ներդրած`գործընթացում. մենք տարբեր փաստաթղթեր ենք մշակել, ցույցեր, հանրահավաքներ, Կինոյի տան հայտնի հավաքն ենք կազմակերպել, հազար ու մի միջոցառում ենք կազմակերպել`իշխանություններին ցույց տալով թիրախները: Այսինքն, կազմկոմիտեն փորձագիտական մեծ ներուժ ունի, ուստի, ես չգիտեմ, թե ու՞մ է հրավիրել Զոհրաբ Մնացականյանը, եթե չի հրավիրել Ալեքսանդր Մանասյանին, Արման Նավասարդյանին, Լարիսա Ալավերդյանին, նաեւ`ձեր խոնարհ ծառային: Չեմ հասկանում, թե ի՞նչ մոտեցում է եղել: Ես, համենայնդեպս, համարում եմ`ոչ պրոֆեսիոնալ եւ քամահրանքային մոտեցում: Մինչդեռ, մենք ունենք իրական ներուժ եւ կարող էինք շատ օգտակար լինել, մանավանդ, որ վարչապետն ինքն էր հարմար գտել մեզ հետ հանդիպել: Եթե վարչապետը մեզ համարում է փորձագետներ, ինչո՞ւ ԱԳ նախարարը չի համարում, չգիտեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ