Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված, մտել են Արմաշի ալյուրի գործարան եւ խուզարկություն իրականացրել: Գործարանը պատկանում է «Մոդուս Գրանում» հոլդինգին, որի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը մեզ հայտնել էր, ոստիկանության աշխատակիցները սպառնացել են իրենց աշխատակիցներին, իսկ մեկի պատմելով էլ՝ ծեծել: Նիկողոսյանն ասել է, որ ոստիկանությունը հայտնել է, թե ստվերային շրջանառություն կա հոլդինգում, ինչը սեփականատերը հերքել է:
Ոստիկանությունից այս առնչությամբ Aravot.am-ին պարզաբանեցին՝ «ԱԱԾ-ից ստացված համապատասխան օպերատիվ տեղեկությունների կապակցությամբ են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական կոռուպցիայի դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ տնօրինության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված չափով նվազեցված աշխատավարձերի վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացնելու եւ դրանով իսկ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ կատարելուց խուսափելու վերաբերյալ: Նախապատրաստվող նյութերի շրջանակներում իրականացվում են համապատասխան քրեադատավարական գործողություններ»:
Ինչ վերաբերում է ընկերության սեփականատիրոջ այն հայտարարությանը, ըստ որի, աշխատակիցները դժգոհել են, որ իրենց նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել եւ ծեծել, ոստիկանությունից հերքեցին, պնդելով՝ «Նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ