Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռեստորանի դռան պատճառով կոնֆլիկտ է հասունանում․ Գրքիկյան ընտանիքն ընդդեմ Սամվել Բալասանյանի

Մարտ 27,2019 21:03

Գյումրու «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող Աբովյան ճեմափողոցում՝ Ստեփան Ալիխանյանի անվան  տիկնիկային թատրոնի կողքին, քաղաքի նախկին առանցքային պաշտոնյաներից մեկի՝ Հովհաննես Գրքիկյանի ընտանիքը ռեստորան է կառուցել, որի մուտքը, սակայն, Գյումրու քաղաքապետարանը չի օրինականացնում։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գրքիկյանը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու օրոք եղել է բնակկոմունալ բաժնի պետը։

Aravot.am-ին է դիմել Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփ Գրքիկյանը՝ ներկայացնելով կառույցի հատակագիծը, համաձայն որի, տիկնիկային թատրոնի մուտքը իրենց սեփականությունն է (տես փաստաթղթերում)։ Սակայն, ըստ երիտասարդի, իրենց ընտանիքը, թույլ չտալով փակել մշակութային օջախի մուտքը, բանավոր բանակցել է Գյումրու քաղաքապետարանի հետ՝ համաձայնության գալով ձեռք չտալ այն, փոխարենը թույլտվություն ստանալ նորակառույց ռեստորանի պատուհաններից մեկը դարձնել մուտք։ Ըստ Հովսեփ Գրքիկյանի, եկել են համաձայնության, բայց երբ կառույցի պատուհաններից մեկը մուտքի են վերածել, քաղաքապետարանը տուգանել է 400 հազար դրամով։

«Ես համաձայնեցի մուտքը թողնել տիկնիկային թատրոնին այն պայմանով, որ ես իմ անձնական գումարով իմ ռեստորանի մեկ լուսամուտը բացեմ, սարքեմ դուռ, իրենք էլ օրինականացնեն։ Կառույցից ընդամենը չորս քար պիտի հանվեր, հանել եմ, հին ոճով մուտք է սարքվել։ Բայց իրենք ինձ տուգանեցին 400 հազար դրամով, որից հետո էլ ասում են՝ դուռը պիտի փակես։

Ես վստահեցնում եմ, որ նորակառույց ռեստորանի համար դուռ բացել եմ քաղաքապետարանի համաձայնությամբ, ինքնագլուխ բան չեմ արել, նախապես քննարկում է եղել, որին մեր ներկայացուցչից բացի, մասնակցել է նաև տիկնիկային թատրոնի տնօրենը, Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը։ Համաձայնվել ենք, որ ես ձեռք չեմ տալիս տիկնիկային  թատրոնի դռանը, ռեստորանի պատուհաններից մեկը կդարձնեմ դուռ, շինարարությունից հետո դիմում կգրեմ անօրինական բացածս դուռը օրինականացնելու։ Բայց հիմա պնդում են, որ ապօրինի է դուռը, օրենքով պիտի փակվի։

Հիմա ասեք՝ ի՞նչ անեմ․ տարբերակ չի մնում․ կամ դռան թույլտվությունը պիտի տան, եթե հարցը 400 հազար դրամն է, թեև քիչ գումար չէ, մուծեմ, թող օրինականացնեն ռեստորանի դուռը, կամ էլ պիտի իմ փաստաթղթերով շարժվեմ․ փակեմ տիկնիկային թատրոնի դուռը, բայց այս դեպքում թատրոնը կմնա առանց մուտքի, երեխաները կտուժեն։

Տիկնիկային թատրոնի տնօրենը համաձայն չէ, որ մուտքն ընդհանուր լինի, երկուսով օգտվենք,  և նա շատ ճիշտ է, տարբեր կառույցներ են՝ ինչպե՞ս կարող է նույն մուտքը միաժամանակ ծառայի երեխաներին ու ռեստորանին։  Բացի այդ, դուռն այդքան փոքր է, որ անհնար է, հրշեջ ծառայությունն էլ թույլ չի տա, մեզ նաև նրանց թույլտվությունը ևս պետք կլինի»,-ասաց Հովսեփ Գրքիկյանը։

Տիկինիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կտրականապես դեմ է, որ նույն մուտքը միաժամանակ ծառայի մշակութային օջախին ու ռեստորանին։ Նա նշեց, որ քաղաքապետարանից լուծման է սպասում։

Մենք դիմել ենք նաև Գյումրու քաղաքապետարան՝ պարզաբանումներ ստանալու, այստեղից պարզաբանումներ կներկայացնեն վաղը։

Նշենք, որ հարցը բավական նուրբ է․ մի կողմից հասկանալի է, որ խոսքը «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում գտնվող կառույցի մասին է, որտեղ շինարարական փոփոխություններ կատարելն այնքան էլ հեշտ չէ, սակայն, մյուս կողմից, ծագող կոնֆլիկտից տուժում է Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը 84 տարվա պատմություն ունի․առաջին պետական տիկնիկային թատրոնն է Անդրկովկասում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031