Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան

Մարտ 27,2019 19:40

Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված էր, մտել են Արմաշի ալյուրի գործարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Գրանում հոլդինգ»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը: Այս հոլդինգի մեջ է մտնում նշված գործարանը, որտեղ էլ տեղակայված է հոլդինգի գրասենյակը:

Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Մանանա գրեյն», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն:

Գուրգեն Նիկողոսյանի խոսքերով՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով են խուզարկություն կատարում.«Ես հանրապետությունում չեմ եղել, եկել են զինված, 12 հոգով մտել հիմնարկ: Ու թուղթ ցույց չեն տվել»:

6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներն, ըստ հոլդինգի սեփականատիրոջ, դեռ հինգշաբթի օրվանից են սկսել ստուգումները, որը վերաբերում է հոլդինգի 2016-2018 թվականների աշխատանքներին:

«Ասում են, իբր ահազանգեր ունեն, որ բանվորներին ավելի քիչ ենք վճարում ցուցակով, բայց իրականում ավելին ենք վճարում: Ասացին՝ հարկերից խուսափում կա, ստվերային շրջանառություն: Ես ասացի, որ նման բան չկա: Բայց ապահովել եմ սենյակներով, իրենք էլ իրենց քննությունն են կատարում»:

Ստուգումների առաջին օրվանից հետո, Նիկողոսյանի պատմելով, թաղայինների, գյուղապետերի միջոցով, 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին. «Սպառնացել են՝ եթե ճիշտը չգրեք, ձեզ կտանենք Երեւան: Ասել են՝ էն ընկերոջդ արդեն տարել ենք, գիտե՞ք 6-րդ վարչությունն ինչ ա: Ահաբեկել են մարդկանց: Իրենց սահմանադրական իրավունքն էլ խախտել են, չեն զգուշացրել իրավունքների մասին, որ կարող են ցուցմունք չտան: Բայց սպառնացել են: Մեր աշխատողներից մեկը քննությունից հետո եկավ ու մեր մյուս աշխատողների ներկայությամբ ասաց՝ ինձ ծեծեցին: Ասացի՝ գնա իրավաբանի մոտ, ոստիկանություն գնա, ՄԻՊ գնա: Ասաց՝ չէ: Մենք ունենք ձայնագրություն, որ աշխատակիցները պատմում են, ոնց են զեկուցագիր գրել: Այսօր էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն: Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են՝ մենք գիտենք, որ երկու ցուցակով եք աշխատավարձ ստանում, գրեք՝ ինչքան: Նա էլ ասել է՝ էդպես չի: Քննիչներն էլ ասել են՝ գրեք որ նոր տարուն փող եք ստացել՝ հավելավճար, որը չի գրանցվել: Նա էլ ասել է՝ ես հավելավճար չեմ ստացել»:

Գուրգեն Նիկողոսյանը պնդում է՝ իրավապահների նման գործողությունների պատճառով իր բիզնեսը տուժում է, հոլդինգն ունի մոտ 500 աշխատակից, բոլորը գրանցված են, բոլորի աշխատավարձերը վճարում է, բոլոր փաստաթղթերը կարգին են.«Իմ հեղինակության հետ են խաղում, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ: Գործունեություն եմ ծավալել 1992 թվականից, քանի իշխանություն է փոխվել, ես ի՞նչ մեղք ունեմ: Մեր աշխատանքը կաթվածահար են անում: Սա սեփականության իրավունքի ոտնահարում է: Քննությունը չի ավարտվել, բայց հիմա ուզում եմ հանրությունը տեղյակ լինի, որ նոր Հայաստանում նման ձեւ են վարվում: Չգիտեմ՝ կարող է սա մասնավոր անձերի խնդիր է, որոնք աշխատում են պետական ատյաններում: Մտածում եմ՝ եթե արագ պատասխան չստանամ այս ամենի համար, ամենը վաճառեմ ու գնամ Հայաստանից, որովհետեւ սա դարձել է ոչ թե պետություն, այլ՝ բռնապետություն: Իմ 8-րդ դասարանցի տղան ասում է՝ պապա, կարո՞ղ է գան ինձ էլ քննեն: Ուզում են վրաս գործ «կարեն»»:

Այս առնչությամբ Aravot.am-ը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ոստիկանությունից, որտեղից վստահեցրին՝ ավելի ուշ կներկայացնեն դրանք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031