«Եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ չեն լինի: Իսկ եթե տեսնենք, որ ռիսկերը կան, եւ դրանք հնարավոր չէ վերահսկել, համապատասխան որոշում կկայացնենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին (գործընթացն այժմ կասեցված է)՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա մեկնաբանեց նաեւ հանքը շահագործող ընկերության՝ «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը, համաձայն որի՝ ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:
«Կարծում եմ՝ մայիսին որոշ հարցերի պատասխաններ արդեն կլինեն: Այժմ ջրաերկրաբանական հետազոտություն է կատարվում Ամուլսարում, եւ այն կտա որոշ պատասխաններ: Եթե փորձագիտական եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի լինի, նա դատարան դիմելու կարիք չի ունենա»,-նկատեց Ավինյանը:
Հարցին՝ «եթե ընկերությունը դիմի դատարան և շահի գործը, ՀՀ-ն ի՞նչ ֆինանսական վնասներ կկրի», Տիգրան Ավինյանն այսպես պատասխանեց. «Բոլոր ռիսկերի մասին տեղյակ ենք, վախենալու բան չունենք: Որեւէ սպառնալիքից չենք վախենում, գիտենք, թե ինչպիսին է իրավիճակը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
“սպառնալիք” ?!
մարդիկը պարզապէս իրենց օրինական տարրական միջոցները գործադրելու մասին են խօսում… այդ ալ, այսքան երկար ժամանակ սպասելէ ետք… ի՞նչ անեն, բոլոր վնասները կուլ տալ, մեկնի՞ն…
անգամ մը եւս, պետական այսքան բարձր պաշտօնի վայել բառապամար չէ ասիկա… այլ դարձեալ ու նորէն՝ փողոցի, տղայական խօսակցութիւն…