Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը փոփոխությունների կարիք ունի

Մարտ 27,2019 18:50

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Ողջունելով եվրոպացի պաշտոնյային՝ նախարար Բաթոյանը նշել է, որ հետևել է նրա ելույթին ՀՀ Ազգային ժողովում և ուրախ է արձանագրել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական մոտեցումները լիովին արտացոլված էին դրանում.

«Ես ուրախությամբ արձանագրեցի, որ մեր մոտեցումները և պատկերացումները համընկնում էին ձեր ելույթում առանձնացված առաջնահերթությունների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հավասար հնարավորություններին, ընտանեկան բռնության և խտրականության բացառմանը: Ուզում եմ ասել, որ այս իմաստով մենք շատ վճռական ենք տրամադրված»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային Կոնվենցիաների վավերացմամբ ստանձնված պարտավորությունների իրագործումը, ոչ միայն իրավական դաշտի համապատասխանեցման, այլև՝ գործողությունների իրականացման մակարդակում:

Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի կողմից ստորագրված մի շարք եվրոպական  կոնվենցիաների վավերացման ուղղությամբ, մասնավորապես՝ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաները:

«Ուրախ եմ անձամբ ձեզ հետ ծանոթանալուս համար: Առիթ ունեցել եմ լսելու ձեր ելույթը ՄԱԿ-ում՝ օրեր առաջ: Ուրախ եմ լսել, որ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը առանցքային նշանակություն ունի ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից, այլև՝ պաշտպանված հասարակություն ունենալու համար»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Լիլիան Մորի Պասկիեին նշել է, որ ԵԽԽՎ-ն կարևորում է քննարկումները ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի միջև, այլև՝ հասարակության բոլոր խմբերի: Հանրային քննարկումները, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր են ոչ միայն իրազեկման, այլև՝ հասարակական համերաշխություն ձևավորելու տեսանկյունից:

Անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ օրենքը փոփոխությունների կարիք ունի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031