Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԵՊՀ ռեկտորի նման ռեկտորն անելիք չունի, ուրեմն ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի կոկորդիլոսը թռչունից չտարբերողը. Հարց վարչապետին

Մարտ 27,2019 18:16

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց իր խոսքերը՝ «նոր Հայաստանում անելիք չունեն այն ռեկտորները, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում» եւ հարցրեց՝ այլ չափանիշներ չկա՞ն, որ ռեկտորներին գնահատեն, թե՞ նրանց պետք է գնահատել՝ ելնելով այն չափանիշից, թե որքանով են աջակցել հեղափոխությանը: Նա ասաց, որ բացարձակ որեւէ ռեկտորի չի պաշտպանում, առավել եւս՝ համալսարանի ռեկտորի նկարի տակ մոմի լույսով չի աղոթել, երեւույթն է հետաքրքիր:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որոնք այսօր կան մեր երկրի առաջ: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը: Դռները փակ պահել, թե բաց պահել, որ ասում եք, դա շատ կարեւոր բանի նշան է: Բուհական համակարգն ընդհանրապես առաջադիմության կարեւոր օջախներ են, իսկ ՀՀ-ում գաղտնիք չէ, որ անկախության հռչակումից ի վեր՝ բուհերը հակառակ դերն են ունեցել: Բուհերը իշխանության ձեռքին եղել են բութ գործիք՝ որևէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու, բուհերը ավտորիտար կուսակցական համակարգի մաս դարձնելու եւ բուհերի ուսանողների սոցիալական անպաշտպան վիճակը որպես քաղաքական գործիք է օգտագործելու համար: Ես ձեզ կարող եմ հիշեցնել այն մեխանիզմը, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանը գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր Հանրապետական կուսակցության հսկողության տակ, որը ուսանողներին օգնություններ են տալիս ըստ այդմ, թե ուսանողն ինչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ի նկատմամբ, ինչքանով է պատրաստ ծափահարել ՀՀԿ-ին: Եվ ես կարող եմ ասել, այո, այս հեղափոխությունը սկսվել է Երևանի պետական համալսարանի դռները բացելով և ԵՊՀ դռները պետք է բաց մնան; Այն ռեկտորը, որ չափահաս մարդու առաջ փակում է դուռը, ասում է՝ դու դուրս չպիտի գաս լսարանից, ինքը անելիք չունի ՀՀ-ում: Ոնց ուզում եք գնահատեք, նուրբ է, կոշտ է, թե կոպիտ է, այդպես է: Այսօրվա տրամաբանության մեջ դա պետք է տեղի ունենա, այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը եւ գնան իրենց գործերով զբաղվեն, որովհետեւ նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը բոլորովին ուրիշ առաքելություն է: Չի կարելի այդտեղ գործել հին տրամաբանությամբ: Ես սա ասում եմ՝ որպես քաղաքական դիրքորոշում»:

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունն ունի բոլոր օրինական լծակները, չի օգտագործի ապօրինի լծակներ:

Պետրոսյանը արձագանքեց՝ ասելով, որ ողջունում է այն մտադրությունը, բայց այդ դեպքում, եթե մենք զարմանում ենք այդ ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության եւ հավասարության պետք է նաեւ զարմանանք, թե նոր Հայաստանում ինչ գործ ունի պատգամավորը, ով թիվ մեկ քաղաքական ամբիոնից չի կարողանում իր տեքստը կարդալ: Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի մի մարդ, ով կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, ի՞նչ իրավունք ունի պետական վերահսկողական ծառայության պետ լինի մի մարդ, ով խախտում է էթիկայի կանոնները, հարցնում են՝ չե՞ք կարծում, որ ձեզ կձերբակալեն, ասում է՝ ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Բոլորս էլ կարող ենք ձերբակալվել»: Պետրոսյանը հորդորեց վարչապետին հավասար աչքով նայել բոլորին:

Վարչապետը պատասխանեց. «Լիարժեք կիսում եմ ձեր մտահոգությունները, եւ եթե դուք կարծում եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ ձեր առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031