Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը հանձնառություն է վերցրել՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում». Զարուհի Բաթոյան

Մարտ 27,2019 17:57

«Նախ և առաջ, ուզում եմ շնորհավորել ձեզ՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ շատ կսիրեք մեր երկիրը: Ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում և վստահեցնում, որ պատրաստ ենք համագործակցել՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման»,- այս մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը հատկապես կարևորել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացված թրաֆիքինգի դեմ ուղղված ծրագրերը, որոնք կարևոր են Հայաստանի համար, սակայն անհնար կլինեն իրականացնել առանց այդ աջակցության:

«ԱՄՆ կառավարությունը երկար տարիներ գործակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ երեխայի սոցիալական պաշտպանության բարեփոխումների, սոցիալական ներառման, կենսաթոշակային բարեփոխումների, սոցիալական ապահովության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի և սոցիալական ծառայությունների որակի բարելավման հարցերում: Վստահ եմ, որ կոռուպցիայի վերացմանն ուղղված նախարարի ջանքերը կհանգեցնեն երկրի սոցիալական ապահովության համակարգի և բնակիչների կենսամակարդակի բարելավմանը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Նա նշել է, որ ուրախ է տեսնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում գործնական քայլեր կատարելու և օրենսդրական բարեփոխումներ ձեռնարկելու, քանի որ սա նաև ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկն է.

«Մենք ուրախ ենք տեսնել նման մարդակենտրոն մոտեցում՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում: Մենք պետք է մշտապես հիշենք, որ այս ուղղությամբ արվող բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն թրաֆիքինգի զոհերին, նրանց աջակցությանը, հետագա զոհերի կանխարգելմանը»,- նշել է Լին Թրեյսիին:

Նա անդրադարձել է նաև զբաղվածության խրախուսման և աղքատության նվազեցմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին: Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության տեսլականը.

«Կառավարությունը հանձնառություն է վերցրել՝ վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում: Մենք այն համոզմանն ենք, որ աղքատության հաղթահարումը հնարավոր է միայն զբաղվածության խրախուսման միջոցով՝ չբացառելով նաև սոցիալական աջակցության ծրագրերը: Այսօր մենք զբաղվածության մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ փորձելով դրանք առավել թիրախային դարձնել»,- ասել է նախարար Բաթոյանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա և ուղղված կլինի մարդու իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031