«Ուրախանալու ոչինչ չկա, տխրելու`շատ բան կա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռազմական ոստիկանության, ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ազատամարտիկ Հովիկ Հարությունյանն`անդրադառնալով Մեղրիում օրերս տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, մարտի 22-ին Մեղրիի զորամասի մի քանի հարյուր զինծառայող ինքնակամ լքել էին զորամասի տարածքը: Քաղաք դուրս եկած զինծառայողները, ըստ Զանգեզուր TV-ի, գոչում էին «կյանք գողերին, մահ ոստիկաններին», «դմփ-դմփ-հու» եւ այլն:
Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ կատարվածը մեկ օրում չի հասունացել, այլ տարիներին բարձիթողի վիճակի արդյունք է. «Ինչ-որ մի զինվոր հանկարծ վեր է կենում եւ սկսում է հրամաններ տալ: Այդ հրամանները նախապատրաստված են. այդպես չի լինում, որ մարդը վեր կացավ եւ ինչ-որ մեկին ինչ-որ տեղ տեղափոխելու համար պատերազմ հայտարարեց հայոց բանակին»: Մեր զրուցակիցը կատարվածից հետեւություն է անում. «Այդ զորամասում գոյություն չունի ոչ հրամանատար, ոչ հրամանատարի տեղակալ`անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի բանակի ռազմական հետախուզության ծառայությանը: Ինչո՞վ են նրանք զբաղված եղել եւ ինչո՞ւ նախարարին չի զեկուցվել, որ այդ զորամասում զինվորականներ-հրամանատար նման կարգի փոխհարաբերություններ կան»:
Հովիկ Հարությունյանը վստահ է`այս միջադեպը պատահականության արդյունք չէ եւ չգիտի հարցի պատասխանը, թե ինչո՞ւ մինչ այդ միջադեպը ռազմական ոստիկանությունը այդ «դուխով տղայով» չի զբաղվել, նրան կալանավայր չեն տարել, կալանավայրում նրան «ուշադրություն չեն դարձրել», որ վերջինս ամենի մասին խորհելու ժամանակ եւ առիթ ունենար:
Կարդացեք նաև
«Աստված մի արասցե, որ սա դառնա նախադեպ: Պաշտպանության նախարարը պետք է շատ զգոն լինի: Թավիշը լավ բան է: Բայց մեր հարգարժան վարչապետին կոչ եմ անում`բանակում թավիշ պետք չէ: Մարդու իրավունքները բոլորս էլ հասկանում ենք, բայց մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ մարդասիրությունը ոչ թե թուլության, այլ ուժեղության դրսեւորում ընկալելուն»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով` որպեսզի բանակը բանակ դառնա, պետք է, որ երբ ամենակրտսեր սպան մտնում է զորամաս, բոլորը մեկ մարդու նման ոտքի կանգնեն. «Էլ չեմ խոսում այն մասին, որ կորպուսի հրամանատարը եկել է եւ ինչ-որ մարդիկ… Բանակը որեւէ մեկի հոր տունը չէ, ոչ էլ մոր փեշի տակն է: Բանակը մեր երկրի հզորությունն է, վստահությունը, մեր առաքելությունն է այս աշխարհում: Պահենք մեր երկիրը, ոչ թե ապականենք: Ինչ-որ մի խուլիգանն ո՞վ է, որ հրաման տա»:
Հովիկ Հարությունյանը`մարդու իրավունքների պաշտպանությանը կողմ լինելով, այնուհանդերձ, գտնում է, որ բանակը հնարավորինս փակ կառույց պետք է լինի, անգամ պատգամավորների մուտքը զորամասեր պետք է նախարարի թույլտվությամբ լինի:
Միջադեպին մասնակից զինվորների ծնողները` խոսելով կտարվածի մասին, վրդովմունք էին հայտնել, որ այդ զինվորների հետագա ծառայությունը պետք է Արցախում անցնի: Դա իբրեւ պատժամիջոց է, ինչի հետ ծնողները համամիտ չեն, անգամ ամսի 23-ին կառավարության շենքի մոտ ցույց էին անում: Հովիկ Հարությունյանն այս ամենից բարկացած է. «Ղարաբաղը կարգապահական գումարտակ չի: Ղարաբաղում ծառայելը պատիվ է: Եվ այն ծնողին, որն ասում է`իմ երեխան Ղարաբաղում չպիտի ծառայի, երեխայի հետ պետք է տանեն Ղարաբաղ, առաջնագիծ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ