Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ աշխատանքով պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում նախաքննական մարմինը որոշում է կայացրել Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ի դեպ, այս ընթացքում պարզվել է նաև, որ հետախուզվողը նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին էլ Սարի թաղի 1-ին փողոցում վիճել է մի տղամարդու հետ, որին ևս դանակահարել է՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ սպանության մեղադրանքով հետախուզվող Աշոտ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին: Զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն